Չինաստանի մանևրները. Ջիդդայում քննարկված «խաղաղության բանաձևից» մինչև Ալյասկայի մոտ ծովային զորավարժություններ

Պեկինը ձգտում է օգտագործել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքով առաջացած հնարավորությունները՝ աշխարհում Չինաստանի դիրքերն ամրապնդելու համար։

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում իր, ըստ էության, իրարամերժ քայլերով Չինաստանը հակադիր գնահատականների ու մեկնաբանությունների հիմք տվեց։ Նախ, չին դիվանագետների ներկայությունն էր այս օգոստոսի 5-6-ին Ջիդդայում կայացած ուկրաինական «խաղաղության բանաձևի» համաժողովին, որն ուղեկցվեց Չինաստանի ղեկավարների հայտնի մեկնաբանություններով։ Այդ ամենին, սակայն, հաջորդեցին Ռուսաստանի հետ համատեղ զորավարժությունները Ալյասկայի մոտ՝ Բերինգի ծովում՝ չեզոք ջրերում։

Եվրասիայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյի ժամանումը Ջիդդա՝ մասնակցելու Կիևի առաջարկած խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներին, այդ ձևաչափի լուրջ փոփոխություն էր, որի մեկնարկը տրվել էլ դեռ այս հունիսին Կոպենհագենում կայացած հանդիպմանը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, Լի Հուեյի և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի մասնակցությամբ քննարկումները ենթադրությունների պատճառ հանդիսացան, որ Պեկինը հոգնել է Ուկրաինայում Մոսկվայի անխոհեմ քայլերից և այն աստիճանաբար հեռանում է Կրեմլից՝ մոտենալով Կիևին։

Ջիդդայում տեղի ունեցած քննարկումներին հաջորդած տարբերությունը Չինաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարությունների մամլո հաղորդագրություններում, որոնք վերաբերում էին երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարերի զրույցին (ռուսական կողմը հաղորդեց «Մոսկվայի և Պեկինի մոտեցումների միասնություն կամ լայնորեն համահունչ լինելու մասին», մինչդեռ Պեկինը հայտարարեց, որ «ուկրաինական ճգնաժամի հարցում. Չինաստանը կպահպանի անկախ և անաչառ դիրքորոշում»), լրացուցիչ հիմք տվեց ենթադրելու, որ Ուկրաինայի հարցում Պելինն այլևս վերանայում է իր աջակցությունը Կրեմլին։

Իրավիճակին անդրադարձավ «The Washington Post»-ը՝ հատուկ հրապարակմամբ առաջարկելով դատել Չինաստանի գործերը, ոչ թե խոսքերը: Կարծես, արձագանքելով հրապարակմանը՝ Ջիդդայում հանդիպումից հետո ընդամենը մեկ օր անց Չինաստանը Ռուսաստանի հետ լայնածավալ զորավարժություններ սկսեց Բերինգի ծովում։

Ռուսական ռազմական գերատեսչության փոխանցմամբ, երկու երկրներից զորավարժություններին մասնակցել են ռազմանավերի բավականին հզոր խմբավորումներ, որոնք սերտորեն համագործակցել են՝ տարբեր առաջադրանքներ կատարելով՝ օդային հարձակումների հետ մղումից մինչև պայմանական հակառակորդի սուզանավի որոնում և ոչնչացում։

Չին-ռուսական զորավարժություններին Պենտագոնի արձագանքը զուսպ էր, սակայն ամերիկյան փորձագիտական հանրության աչքից չվրիպեց այդ զորավարժության անցկացման վայրը։ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի քննադատները միակարծիք են՝ ամերիկյան զինված ուժերը պետք է պատրաստ լինեն, որ Ռուսաստանը կարող է Չինաստանի կողքին կանգնել Թայվանի կամ Հարավչինական ծովում գերակայության համար մղվելիք մարտերի ժամանակ:

Համատեղ զորավարժությունները փաստացի դաշինքի վկայությունն են

Կարնեգիի բեռլինյան կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար, Չինաստանի քաղաքականության գծով մասնագետ Ալեքսանդր Գաբուևը «դաշնակցային» որակեց չին-ռուսական զորավարժությունները։

«Այս դաշինքն, ամեն դեպքում, ամրապնդվում է, և նպատակն է՝ իրական, գործնական փոխգործակցության հնարավորություն ստեղծել, որպեսզի երկու երկրների ռազմական նավատորմերը կարողանան փոխգործակցել ընդհանուր արձանագրությունների, հրամանների և այլնի հիման վրա։ Այդ բոլոր համատեղ գործողությունները մշակվել են։ Այն շատ ավելի ժամանակ և ջանք է պահանջում, քան պարզապես ինչ-որ պաշտպանական դաշինք ստորագրելը...։ Եթե նրանք սովորեն ինչ-որ բան անել միասին, սա սպառնալիք է, քանի որ Չինաստանն միայնակ է գործում, բայց այս պարագայում՝ գործընկերոջ հետ է, որն ունի մի ողջ խաղաղաօվկիանոսյան ռազմական նավատորմ»:

Գաբուևը ուշադրություն է հրավիրում՝ Ռուսաստանի խաղաղօվկիանոսյան ռազմական նավատորմը միջուկային զինանոց ունի, ինչը Մոսկվայի ու Պեկինի համար անչափ կարևոր է։

«Ռուսական խաղաղօվկիանոսյան նավատորմի հզորության առանցքը, իհարկե, սուզանավային նավատորմն է։ Այդ բոլոր սուզանավերը՝ միջուկային զենքով ու հրթիռներով, որոնք տեղակայված են Կամչատկայում, լուրջ [զենք] են: Այո, վերջրյա նավատորմը այդքան էլ մեծ չէ ու հնացած է։ Այնուամենայնիվ, երկուսն ավելի շատ է, քան մեկը։ Բացի այդ՝ խոսքը երկու միջուկային տերությունների մասին է։ Եվ զսպման մեջ առկա է միջուկային տարր։ Այսինքն, ցանկացած միջադեպ, որը կհանգեցնի ոչ միայն չինական, այլև ռուսական նավերի խորտակմանը, անմիջապես հարկադրելու է Պենտագոնին մտածել իրավիճակի հետագա սրման սցենարների մասին և ինչ-որ տեղ, ինչ-որ մի պահի անպայման մեջտեղ կգա միջուկային զենքը»։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Eurasia Group»-ի Չինաստանի գծով փորձագետ Էլի Ուայնը կարծիք հայտնեց, թե չին-ռուսական զորվարաժությունները հարկ է դիտարկել այդ երկու երկրների միջև բոլոր ուղղություններով խորացող հարաբերությունների համատեքստում։

«Այդ զորավարժությունները կդիտարկեի Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական ու, առհասարակ, խորացող բազմակողմ համագործակցության համատեքստում։ Եթե համեմատենք 2005 թվականի հետ, երբ Չինաստանն ու Ռուսաստանը անցկացրեցին իրենց առաջին համատեղ զորավարժությունները, ապա հիմա՝ 18 տարի անց, 2023 թվականին, համատեղ զորավարժությունների թիվը և այն շրջանները, ուր Չինաստանը և Ռուսաստանն անցկացնում են համատեղ զորավարժություններ, ավելացել են»:

«Eurasia Group»-ի փորձագետի ներկայացմամբ, համատեղ զորավարժությունները «լայն պատկերի մի մասն են. Չինաստանը և Ռուսաստանը ընդհանուր դժգոհություններ ունեն Արևմուտքից»:

«Այդ զորավարժությունների թիվը և ինտենսիվությունը աճում է։ Ուստի, ինչ անհամաձայնություն էլ Չինաստանն ունենա Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում՝ Պեկինի ու Մոսկվայի համագործակցությունը խորանում է ռազմական, տնտեսական և դիվանագիտական ուղղություններով», - նշում է Էլի Վայնը:

ԱՄՆ դեմ համատեղ հանդես գալը ավելի կարևոր է, քան Ուկրաինայի հարցում հնարավոր տարաձայնությունները

«Սթիմսոն» կենտրոնի Չինաստանի ուսումնասիրությունների ծրագրի փոխտնօրեն Պամելա Քենեդին «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք հայտնեց՝ ռուս-չինական ծովային զորավարժություններն են ի ցույց դնում Պեկինի իրական առաջնահերթությունը, քան Ուկրաինայում խաղաղության փնտրտուքի մասին նրա հայտարարությունները։

«Հնարավոր է, Չինաստանը պատրաստ էր իր դժգոհությունն ի ցույց դնել՝ կապված Ռուսաստանի որոշ գործողությունների հետ, օրինակ՝ Չինաստանը կցանկանար, որ Ռուսաստանը թույլ տար Սև ծովով ուկրաինական ցորեն արտահանել, սակայն չին-ռուսական զորավարժություններն Ալյասկայի մոտ, իսկ մի քանի շաբաթ առաջ՝ Ճապոնիայի ափամերձ ջրերում, ցույց տվեցին, որ Չինաստանը չի պատրաստվում երես թեքել Ռուսաստանից։ Չինաստանի համար ուկրաինական պատերազմի կարևորությունը պարզապես չի կարող գերազանցել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությանը, հատկապես այն ժամանակ, երբ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում լարվածությունը գտնվում է ամենաբարձր կետում է»:

Ըստ Քենեդիի, «Չինաստանը պատրաստ է աջակցել խաղաղության հասնելու որոշ ընդհանուր ջանքերի, նաև պատրաստ չէ դատապարտել Ռուսաստանին, կամ միանշանակ բռնել Կրեմլի կողմը՝ ուկրաինական պատերազմում»:

«Սթիմսոն» կենտրոնի ներկայացուցչի կարծիքով, Պեկինը որոշել էր մասնակցել Ջիդդայում Ուկրաինայի «խաղաղության բանաձևին» վերաբերող համաժողովին, քանզի ի տարբերություն նախորդ՝ Կոպենհագենում կազմակերպված համանման հանդիպման, որը ՆԱՏՕ-ի անդամ-երկրում էր, այս մեկը, Չինաստանի ղեկավարության տեսանկյունից, ավելի չեզոք երկրում էր՝ Սաուդյան Արաբիայում։

Ալեքսանդր Գաբուևը ընդգծում է՝ Չինաստանի արտաքին քաղաքականության մեջ որոշիչը ԱՄՆ-ի հետ առճակատումն է, և Պեկինը համոզված է, որ այդպես է լինելու առաջիկայոմ։

«Պեկինում կարծում են, որ ԱՄՆ-ն մտադիր է պարզապես խեղդել Չինաստանին, թույլ չտալ, որ նա դառնա երկրորդ գերտերություն կամ հեգեմոն Ասիայում, և փորձում է դանդաղեցնել Պեկինի զարգացումը։ Ուստի, այն ամենը, ինչ անում է Չինաստանը արտաքին քաղաքականության մեջ, հարկ է դիտարկել [ԱՄՆ հետ] առճակատման լույսի ներքո։ Իսկ Ռուսաստանի գործողություններն ուղղված են ամերիկյան շահերը ոտնահարելուն։ [Մոսկվայի] քաղաքականության հիմքում ոչ թե պրագմատիկ հաշվարկն է՝ նվազագույն գնով անվտանգություն ապահովել և զարգացնել տնտեսությունը, այլ հետևյալն է՝ «ինչպես կարող ենք նյարդայնացնել ԱՄՆ-ին»։ Փաստորեն, Ռուսաստանը պայքարում է իր և Չինաստանի ընդհանուր թշնամու դեմ, բայց այնպիսի մեթոդներով, որոնք վտանգում են Չինաստանի հեղինակությունը կամ վատ են անդրադառնում այն շուկաների վրա, որոնցից կախված է Չինաստանը։ Սակայն դրանք այնպիսի խնդիրներ են, որոնց հետ Չինաստանը կարող է ապրել»:

Արդյո՞ք ուկրաինական պատերազմը ձեռնտու է Չինաստանին

Կարնեգիի բեռլինյան կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ղեկավարի խոսքով, Չինաստանի տեսանկյունից Ռուսաստանի գործողությունները թուլացնում են Միացյալ Նահանգներին․ Մոսկվայի դեմ պայքարի համար կենտրոնացնում են հսկայական ռեսուրսներ և ուշադրություն, բացասաբար են անդրադառնում Միացյալ Նահանգների ու Եվրամիության միասնության վրա, քանի որ ուկրաինական հակամարտությունը դառնում է երկարատև և ռիսկային։

«Heritage Foundation»-ի Ասիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մայքլ Քանինգհեմը նույնպես խոսում է օգուտների մասին, որ ստանում է Պեկինն ուկրաինական պատերազմի հետևանքով. «Չինաստանը հազիվ թե նման պատերազմ ցանկանար, բայց քանի որ այն տեղի ունեցավ, այժմ փորձում է օգուտ քաղել։ Տեսնում է, թե ինչպես է ԱՄՆ-ն մեծ քանակությամբ սպառազինություն, ռազմական տեխնիկա ուղարկում Ուկրաինա։ Տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը, որն այժմ Չինաստանի գործընկերն է, բայց երկարաժամկետ հեռանկարում վտանգ է ներկայացնում, իր բանակն ուղարկում է Ուկրաինա՝ սպանդի, այսինքն՝ լրջորեն թուլանում է։ Իսկ Լի Հուեյին Ջիդդա ուղարկելով՝ Պեկինը կարծես ասում է զարգացող երկրներին. «Մենք պատասխանատու միջազգային խաղացող ենք, ոչ Միացյալ Նահանգների նման, որը կրակի վրա յուղ է լցնում՝ հակամարտ կողմերից մեկին զենք մատակարարելով։ Մենք ենք, որ, իրոք, ձգտում ենք խաղաղության»։ Այս ուղերձը լավ ընդունվում է զարգացող երկրների կողմից, թեև այն անհեթեթ է հնչում արևմտյան զարգացած ժողովրդավարությունների ականջին»:

Մայքլ Քանինգհեմը վստահ է՝ Չինաստանում, այնուամենայնիվ, այն կարծիքին են, որ երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը կարող է լինել ոչ թե գործընկեր, այլ մրցակից. «Չինաստանում շատերն են այն կարծիքին, որ Մոսկվան գոհ չէ Ասիայում գերակայության հասնելու Պեկինի ծրագրերից: Ռուսաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է՝ գտնվում է Եվրոպայում ու Ասիայում։ Չինաստանն, իհարկե, կցանկանար, որ Ռուսաստանը պարզապես հաշտվեր փաստի հետ, որ Պեկինը մտադիր է գլխավորը լինել Ասիայում, բայց նման զարգացումը դժվար թե իրականություն դառնա, թեև այժմ Մոսկվան սկզբունքորեն դեմ չէ Պեկինի նման նկրտումներին։ Հետևաբար, Չինաստանի երկարաժամկետ շահերից է բխում ռուսական բանակի թուլացումը»։

Քանինգհեմը վստահ է՝ Չինաստանը ցանկանում է լինել հիմնական խաղացողը, եթե ռուսական ագրեսիան Ուկրաինայում ձգձգվի, բոլոր կողմերը հոգնեն, և «այդ դեպքում Պեկինը կկարողանա ասել՝ այժմ կարող ենք բանակցություններ կազմակերպել»:

Էլի Վայնը, սակայն, կասկածում է, որ Պեկինն ապագայում էլ կկարողանա օգուտներ քաղել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայից. «Այս պատերազմն ընթանում է ոչ այն տարբերակով, որ Ռուսաստանն էր նախատեսում, կամ այն ուղղությամբ, որ Չինաստանն էր սպասում։ Անվերջ պատերազմը վնասում է Չինաստանի շահերին, բացասաբար է անդրադառնում սննդամթերքի և էներգակիների շուկաների վրա, թուլացնում է Չինաստանի դիրքերը Արևմուտքում։ Պեկինը դեռ չի սկսել ինչպես հարկն է զգալ այս պատերազմի բացասական հետևանքները, բայց, կարծում եմ, արդեն իսկ սկսել է հաշվի առնել նման տարբերակը՝ փորձելով հավասարակշռված հարաբերություններ հաստատել Մոսկվայի և Արևմուտքի միջև։ 2022 թվականի փետրվարին հանդիպելով Սի Ծինփինին՝ Պուտինը ընդհանուր գծերով ասել էր Չինաստանի առաջնորդին, որ պատրաստվում է ինչ-որ բան անել Ուկրաինայում, և, գուցե, Պուտինի խոսքերի գլխավոր մասն այն էր, որ ամեն ինչ արագ կավարտվի։ Եթե Չինաստանն իմանար, որ այդ ամենը երկար կտևի, ապա հնարավոր է՝ «անսահմանափակ գործընկերության» մասին հայտարարություններ չարվեին»։

Վայնը նաև համաձայն է Քանինգհեմի հետ՝ Ռուսաստանն ու Չինաստանը բնական դաշնակիցներ չեն. «Ռուսաստանն ու Չինաստանը տարբեր երկրներ են, տարբեր հնարավորություններով, արտաքին քաղաքական տարբեր ձգտումներով, միջազգային հարաբերությունների նկատմամբ տարբեր մոտեցումներով։ Նրանք բնական գործընկերներ չեն, և նրանց հարաբերությունների պատմությունը շատ բազմազան է։ Հիշենք, որ Սառը պատերազմի տարիներին նրանք գտնվում էին ռազմական բախման շեմին: Նրանց գործընկերությունը բնական հիմքեր չունի»։

Արդյո՞ք Արևմուտքը կկարողանա բաժանել Ռուսաստանն ու Չինաստանը

Նախորդ դարում Միացյալ Նահանգները հաջողությամբ կարողացավ սեպ խրել ԽՍՀՄ-ի և Չինաստանի միջև՝ կապեր հաստատելով Չինաստանի ղեկավարության հետ 1970-ական թվականներին: Սակայն, ըստ Էլի Վայնի, այժմ այլ ժամանակներ են, և ապագայում Մոսկվայի ու Պեկինի միջև ինչ էլ, որ հանդիսանա վիճաբանության պատճառ, դժվար թե Արևմուտքի գործողությունների արդյունքը լինի․ «Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները միշտ չէ, որ կարող են դրական հետագիծ ունենալ, և կան գործոններ, որոնք կարող են ազդել այդ մերձեցման վրա։ Բայց չեմ կարծում, որ Արևմուտքը կարող է որևէ գործողությունով բաժանել Ռուսաստանը և Չինաստանը։ Եթե Մոսկվայի ու Պեկինի հարաբերություններն, իրոք, փոխվեն, ապա դա կարող է լինել նրանց կողմից այդ հարաբերությունների վերանայման արդյունքում։ Եթե Մոսկվան համարի, որ Չինաստանի հետ հարաբերություններում ստորադաս կարգավիճակն իրեն հարիր չէ, այն նվաստացուցիչ է, ապա ինչ-որ բան կարող է փոխվել։ Սակայն Ռուսաստանի մանևրելու հնարավորությունը սահմանափակ է՝ ի տարբերություն Չինաստանի: Մյուս կողմից, եթե Պեկինը որոշի, որ իր կապերը Մոսկվայի հետ անհաղթահարելի խոչընդոտ են Արևմուտքի հետ հարաբերությունները զարգացնելու համար, ապա կարող է վերանայել այն։ Բայց կարճաժամկետ հեռանկարում նման զարգացում չեմ տեսնում»։

Պամելա Քենեդին նույնպես այն կարծիքին է, որ Արևմուտքը չի կարողանա ազդել Ռուսաստանի և Չինաստանի ներկայիս գործընկերության վրա. «Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները կկարողանա սեպ խրել Մոսկվայի և Պեկինի միջև՝ ուկրաինական պատերազմի համատեքստում, և հարկադրել նրանց տարբեր մոտեցումներ ցուցաբերել պատերազմի նկատմամբ։ ԱՄՆ համար ավելի կարևոր խնդիրներ կան Չինաստանի հետ երկկողմ հարաբերություններում, որոնք պետք է լուծվեն: Կան նաև ոլորտներ, ուր ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել համագործակցությունը Չինաստանի հետ, օրինակ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Այս հարցերն ազդում են երկու երկրների վրա և քաղաքական առումով նվազ կարևոր են, քան Ուկրաինայի պատերազմը կամ Թայվանի հարցը»: