Ռուսական հրթիռներն ու անօդաչուները հարվածել են Օդեսային

Ռուսական հրթիռներն ու անօդաչուները հարվածել են Օդեսային

Երկուշաբթի ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ռազմուժի հարձակման հետևանքով Օդեսայում վիրավորվել է առնվազն երեք մարդ:

Ըստ զինվորականների, ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է ռուսական բոլոր՝ 15 անօդաչուները և հրթիռները, սակայն դրանց բեկորները, այնուամենայնիվ, վնաս են հասցրել:

Երեք մարդ տուժել է խանութի վրա բեկորների ընկնելու հետևանքով։ Վնասվել է ուսանողական հանրակացարանը։

Նահանգապետ Օլեհ Կիպերի խոսքով, հրշեջները մարել են մի քանի հրդեհներ, որոնք հրթիռի բեկորների ընկնելու հետևանք էին։

Կիրակի ռուսական հրետակոծության հետևանքով Ուկրաինայի Խերսոնի մարզում զոհվել է առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ 23 օրական մի աղջիկ։ Վիրավորվել են 22-ը։

«Նրա եղբորը, ով ընդամենը 12 տարեկան էր, տեղափոխել են հիվանդանոց։ Ցավոք, չեն կարողացել փրկել։ Երեխան մահացել է ծանր վերքերից։ Երեխաների մայրը՝ Օլեսյան, ընդամենը 39 տարեկան էր։ Մահացել է»,- իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Ուկրաինայի արտգործնախարարությունը երկուշաբթի դատապարտել է Ռուսաստանի ռազմածովային ուժերի գործողությունները՝ անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում․ ռուսական ռազմանավը նախազգուշական կրակոցներ է արձակել խաղաղօվկիանոսյան Պալաու պետության դրոշի ներքո ընթացող բեռնատար նավի ուղղությամբ, որը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ:

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային հանրությանը կոչ է արել «վճռական գործողություններ ձեռնարկել՝ կանխելու Ռուսաստանի Դաշնության գործողությունները, որոնք խոչընդոտում են նավերի խաղաղ անցումը Սև ծովով»։

Ուկրաինան նաև հորդորել է իր գործընկերներին «ուժեղացնել իրենց ջանքերը՝ պահպանելու Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը, որը կարևոր է համաշխարհային պարենային անվտանգության ապահովման համար»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտարարել է, որ կրակոցները հնչել են այն պատճառով, որ «Սուկրու Օկան» անվամբ նավի կապիտանն անտեսել է ռազմանավից արձակված կանգ առնելու պահանջը: Կրակոցներն արձակելուց հետո, ռուս զինվորականներն ուղղաթիռից իջել են նավ։ Ստուգումից հետո, ռուսները թույլատրել են նավին շարժվել դեպի Իզմայիլ: Վերջինս ուկրաինական գյուղմթերքի արտահանման հիմնական նավահանգիստն է։

Ռուսաստանն անցած ամիս դուրս եկավ հացահատիկի սևծովյան համաձայնագրից։