Իրանական բանտից ամերիկացիների ազատումը «դրական քայլ է». Բլինքեն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հերքում է մեղադրանքը, որ Թեհրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մեղմվել են:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով, Իրանում անօրինական կալանավորված ամերիկացիներին «Էվին» բանտից տնային կալանքի տեղափոխելը՝ դրական առաջին քայլն է, սակայն դեռ աշխատանք կա անելու, որպեսզի նրանք ապահով վերադառնան Միացյալ Նահանգներ։ Փորձագետների խոսքով, իրանական բանտից ամերիկյան քաղաքացիների ազատ արձակումն, անշուշտ, ողջունելի է, սակայն ոմանք մտավախություն ունեն, թե ձեռք բերված գործարքը, ըստ որի Իրանին պատկանող և 6 միլիարդ դոլար կազմող միջոցները փաստացի ապասառեցվում են, կարող է վատ նախադեպ դառնալ և խրախուսել այլ երկրների՝ պատանդ վերցնել ամերիկացիներին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնի» դիվանագիտական ավագ թղթակից Սինդի Սեյնը:

Իրանը հինգշաբթի հաստատեց, որ չորս ամերիկացի բանտարկյալների է տեղափոխել տնային կալանքի՝ Հարավային Կորեայում սառեցված և Թեհրանին պատկանող միլիարդավոր դոլարների ապասառեցման դիմաց։

\Հինգերորդը՝ ամերիկուհին արդեն իսկ տնային կալանքի տակ էր, սակայն նրա անունը տակավին անհայտ է:

Փաստաբանը ներկայացրել է երեքի անունները՝ Սիամաք Նամազի, Էմադ Շարգի և Մորադ Թահբազ, և փոխանցել, որ Թեհրանի տխրահռչակ «Էվին» բանտից ԱՄՆ քաղաքացիներին տեղափոխել են տնային կալանքի՝ գաղտնի պահվող հյուրանոցում, ուր նրանք գտնվելու են իրանցի իրավապահների հսկողության ներքո: Չորրորդ բանտարկյալի ինքնությունը նույնպես չի բացահայտվել։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի ողջունեց գործարքը:

«Սա դրական քայլ է։ Սակայն չեմ ցանկանում առաջ անցնել և եզրակացություն անել, քանզի ավելի շատ աշխատանք կա անելու՝ նրանց տուն բերելու համար: Համոզված եմ՝ սա նրանց մղձավանջի վերջի սկիզբն է»։

Բլինքենը կտրականապես հերքեց պնդումը, թե գործարքի արդյունքում Թեհրանը պարզապես կազատվի ամերիկյան պատժամիջոցներից:

«Այնուամենայնիվ, Իրանի նկատմամբ պատժամիջոցները չեն մեղմվի: Ցանկացած նման դեպքի ժամանակ, երբ ջանքեր կգործադրենք՝ Իրանից ամերիկացիներին տուն բերելու համար, կօգտագործվեն Իրանի միջոցները և [դրանք Թեհրանին] կփոխանցվեն սահմանափակ քանակով։ Այդ գումարները կարող են օգտագործվել միայն մարդասիրական նպատակներով, ինչը, ինչպես գիտեք, թույլատրված է մեր պատժամիջոցների ներքո»։

Փորձագետներից Ջոն Ալտերմանը, ով հեղինակավոր՝ Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) Մերձավոր Արևելքի ծրագրի ղեկավարն է, բարձր է գնահատել գործարքը և հույս հայտնել, որ առաջիկայում կտեսնի իր ընկերոջը՝ Սիամաք Նամազիին ու Իրանում պահվող ԱՄՆ մյուս քաղաքացիներին:

«Սիամաք Նամազիին ճանաչում եմ 1990-ականներից: Ոչ միայն պարկեշտ անձնավորություն է, այլև մի մարդ, ով հսկայական ժամանակ է ծախսել՝ փորձելով նվազեցնել լարվածությունը Միացյալ Նահանգների և Իրանի միջև: Եվ այն փաստը, որ դրա համար նա վճարել է՝ ութ տարի անցկացնելով «Էվին» բանտում, ուղղակի կարելի է հեգնանք անվանել։ Այն որ Սիամաք Նամազին կարող է շուտով միանալ իր ընտանիքին, ինձ ուրախացնում է։ Նույնը կարող եմ ասել մյուս ամերիկացիների պարագայում, որոնք, կարծես, ազատ արձակման փուլում են»։

Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ խորհրդատու Ռիչարդ Գոլդբերգը նույնպես ողջունեց բանտարկված ամերիկացիների ազատ արձակումը, սակայն հավելեց՝ անհանգստացած է Հարավային Կորեայում գտնվող իրանական 6 միլիարդ դոլարի ապասառեցմամբ, որը կարող է նախադեպ դառնալ:

«Հարցն այն է, թե ինչ հետևանքներ կունենա ընկալումը, որ ամերիկացիների ազատ արձակման համար վճարվել է: Ռուսաստանում պատանդ է պահվում Էվան Գերշկովիչը: Գտնում եմ, որ Գերշկովիչի գինը այսօր զգալիորեն թանկացավ: Չինաստանը նոր է ընդունել լրտեսության մասին օրենքը, և [ԱՄՆ] պետքարտուղարությունը նախազգուշացնում է Չինաստան մեկնողներին, որ ձեզ կարող են պատանդ վերցնել»:

Գոլդբերգն անդրադարձավ ամերիկացի լրագրող Գերշկովիչին, ով Ռուսաստանում անազատության մեջ է ավելի քան երեք ամիս՝ լրտեսության մեղադրանքով։ Միացյալ Նահանգները կտրականապես հերքում է մեղադրանքը՝ պնդելով, որ լրագրողին անօրինական են ձերբակալել։ Վաշինգտոնը պահանջում է ազատ արձակել Էվան Գերշկովիչին։