Կարինա Համբարձումյան-Քլաֆը քաղաքացիություն չունի։ Բնակվում է ԱՄՆ-ում։
«Ծնվել եմ մի երկրում, որն այլևս գոյություն չունի»,- ասում է նա:
Նա Միացյալ Նահանգներում բնակվող շուրջ 218 հազար մարդկանցից մեկն է, ովքեր որևէ երկրի քաղաքացի չեն:
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը հայտարարել է, թե աշխատանքներ է տանում՝ հստակեցնելու «քաղաքացիություն չունեցող» ներգաղթյալների իրավական կարգավիճակը:
«Նրանք հսկայական քայլ են կատարել՝ մեզ նման մարդկանց կարգավիճակն այս երկրում ճանաչելու առումով»,- ասում է Կարինան:
Հայկական և ուկրաինական արմատներով կինը ծնվել է Ուկրաինայի Օդեսա քաղաքում 1988թ.-ին:
«Կիսով չափ հայ եմ, կիսով չափ՝ ուկրաինացի, Դա խնդիր էր: Իր ազգային պատկանելության համար հայրս թիրախավորվում էր Օդեսայում: Մայրս վիժել էր, քանի որ հայրիկիս ծեծել էին փողոցում»,- պատմում է նա:
Կարինայի ընտանիքը տեղափոխվել է Կանադա, այնուհետև՝ 1996 թվականին անցել ԱՄՆ, ուր ապաստան ստանալու նրանց դիմումը մերժվել է: Մինչ այդ՝ Խորհրդային Միությունը փլուզվել էր, և Ուկրաինան դարձել էր անկախ երկիր:
«Գնացինք Ուկրաինայի դեսպանատուն, որպեսզի վերցնենք մեր անձնագրերը, ճանապարհորդական փաստաթղթերն ու վերադառնանք: Հենց այդ ժամանակ ասացին՝ «Ձեզ ուկրաինացի չենք համարում»»։
ԱՄՆ-ում քաղաքացիություն չունեցող անձինք չունեն օրինական փաստաթղթեր, որոնք կվկայեն, թե որտեղից են:
Կարինա Համբարձումյան-Քլաֆի նման ոմանք անվավեր ծննդյան վկայականներ ունեն. «Միակ փաստաթուղթը, որ կարող է իրավական հիմք լինել, թե ով եմ, իմ ծննդյան վկայականն է՝ տրված մի երկրի կողմից, որն այլևս գոյություն չունի»։
Շատերը որևէ փաստաթուղթ չունեն, և այդ իսկ պատճառով դժվարությամբ են գտնում աշխատանք, նույնիսկ՝ բնակվելու վայր։
Ներգաղթի հարցերով փաստաբան Մարգարետ Սթոքն ասում է․ «Նրանք անորոշ վիճակում են, թեև ֆիզիկապես Միացյալ Նահանգներում են։ Այս հարցին պետք է լուծում տրվի»։
ԱՄՆ Ներքին անվտանգության նախարարությունը խոստանում է կազմել հատուկ ապացույցների օրինակներ, որոնք կարող են օգտագործվել՝ օգնելու քաղաքացիություն չունեցող անձանց՝ ստանալ փաստաթղթեր:
Սթոքը շարունակում է․ «Մեծ խնդրներ են առաջանում քաղաքացիություն չունեցող մարդկանց հետ։ Նրանք պարզապես չեն կարողանում ապացուցել, որ իրավունք ունեն ստանալ «գրին քարտ», քանի որ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ փաստաթղթերը իրենց երկրներից»:
Մյուս կողմից, քաղաքացիություն չունեցող մարդիկ չեն կարող արտաքսվել ԱՄՆ-ից, քանզի չունեն երկիր, ուր կարող են վերադառնալ: Չկա նաև միջազգային օրենք, որը պահանջ է ներկայացնում մարդկանց՝ ունենալ քաղաքացիություն տվյալ երկրում: Որոշ երկրներ քաղաքացիություն են շնորհում, եթե ծնվել եք այդտեղ: Մյուսների պարագայում անգամ նման տարբերակն է բացակայում։
«Փաստորեն, մարդիկ կարող են դյուրությամբ մնալ առանց երկրի»,- եզրակացնում է Մարգարետ Սթոքը:
Հստակ չէ՝ արդյո՞ք ԱՄՆ նոր քաղաքականությունը թույլ կտա քաղաքացիություն չունեցող անձանց ստանալ ամերիկյան նույնականացման քարտեր կամ երկրում օրինական աշխատելու թույլտվություն: Համբարձումյան-Քլաֆը հուսով է, որ Ներքին անվտանգության նախարարության ուղեցույցը վերջապես կօգնի իր նման անորոշ վիճակում գտնվող մարդկանց: