Չորս իրանցիներ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել են, ևս տասնմեկը վիրավորվել՝ Թեհրանում մի քանի շենքերի փլուզման հետևանքով:
Ոստիկանության աշխատակիցները կիրակի հսկում էին քաղաքի հարավ-արևմուտքում գտնվող «չարտոնված շենքերի» քանդման աշխատանքները՝ հայտնել է իրանական «ISNA» լրատվական գործակալությունը:
Փրկարարական աշխատանքները շարունակվում են․ հույս կա դուրս բերել փլատակների ներքո մնացած մարդկանց։
«ISNA»-ի ներկայացմամբ, դեպքը պատահել է, երբ շինարարները սկսել են քանդել շենքերից մեկը։ Այնուհետև, փլուզվել են ևս հինգը։
Տեղի իշխանությունների խոսքով, փլուզված շենքերը չէին համապատասխանում անվտանգության չափանիշների:
Թեհրանի քաղաքային իշխանությունների ներկայացուցչի խոսքով, նախորդ երկու տարիներին Իրանի մայրաքաղաքում քանդվել են ավելի քան 46 հազար չարտոնված շինություններ:
2022 թվականի մայիսին Իրանի հարավ-արևմուտքում շենքի փլուզման հետևանքով զոհվեցին 43 հոգի։ Նմանատիպ դեպքերի շարքում այն ամենից մահաբերն էր:
Խուզեստան նահանգի Աբադան քաղաքում կառուցվող «Մետրոպոլ» տաս հարկանի շենքի փլուզումը բողոքի ցույցեր էր առաջացրել ողջ երկրում։