Նավալնիի խոսքը հերթական «դատավճռից» առաջ՝ ժամկետն երկար է լինելու, բայց թույլ մի տվեք վախեցնել ձեզ

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին` նոր գործով դատավարության ընթացքում, հունիս, 2023 թ.

Նավալնին արդեն իսկ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով։ Նա, իր կողմնակիցներն ու իրավապաշտպանները մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում։

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները հրապարակել են նրա խոսքը՝ «ծայրահեղականության գործով» սպասվող դատավճռից մեկ օր առաջ։

Ընդդիմադիր գործիչը կանխատեսում է՝ իրեն կդատապարտեն երկարաժամկետ ազատազրկման, սակայն կոչ է անում չողբալ և չվախենալ, այլ շարունակել պայքարը պատերազմի ու Պուտինի ռեժիմի դեմ։

Նավալնին արդեն իսկ դատապարտվել է 9 տարվա ազատազրկման՝ խարդախության մեղադրանքով։ Նա, իր կողմնակիցներն ու իրավապաշտպանները մեղադրանքները համարում են քաղաքական հետապնդում։ Նոր գործով դատավարությունը ընթանում է կալանավայրում։ Մեղադրող կողմը պահանջել է Նավալնիին դատապարտել 20 տարվա ազատազրկման։

Իր ուղերձում Նավալնին առաջարկում է իրեն «ստալինյան ժամկետ» տալ․ «Հաշվարկի բանաձևը պարզ է՝ ինչ է խնդրել դատախազը՝ հանած 10-15 տոկոս։ Ուստի, եթե պահանջում են 20 տարի, կտան՝ 18, կամ նման մի բան»։

Ալեքսեյ Նավալնիի խոսքով, այդպիսի մոտեցումը կիրառվում է իր կողմնակիցներին վախեցնելու համար․ «Պատժի խստությամբ նոկաուտի ենթարկել ընդդիմադիրներին»:

Ըստ Նավալնիի, իր և իր կողմնակիցների դեմ բռնաճնշումներին պետք է սառնասիրտ մոտենալ և շարունակել պայքարը՝ սկսած դրամ փոխանցելուց, մինչև հանրահավաքներին մասնակցելը:

Ընդդիմադիր գործիչը նաև երախտագիտության խոսքեր հղեց իր կողմնակիցներին, փաստաբաններին և պաշտպանական կողմի վկաներին: Առանձին շնորհակալություն հայտնեց «Navalny LIVE»-ի նախկին աշխատակից Դանիել Խոլոդնիին, ով դատվում է Նավալնիի հետ միասին, և նրան սպառնում է 10 տարվա ազատազրկում։

Ալեքսեյի խոսքով, թույլ չի տա իրեն վախեցնել ու կոտրել իր կամքը։

Նավալնին մեղադրվում է Ռուսաստանի Քրեական օրենսգրքի վեց հոդվածներով, ներառյալ՝ ծայրահեղական խմբավորում ստեղծելու ու ֆինանսավորելու, ծայրահեղականության կոչեր անելու, նացիզմի վերականգնմանն ուղղված ջանքերի և անչափահասներին վտանգավոր արարքների մեջ ներգրավելու համար։

Որպես առանձին վարույթ՝ առանձնացվել է ահաբեկչությանն առնչվող մի դրվագ։ Գործը վերաբերում է Նավալնիի հիմնած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամին» («Фонд борьбы с коррупцией», ФБК), որը դատախազության պահանջով 2021 թվականին ճանաչվեց ծայրահեղական կազմակերպություն, և նրա գործունեությունը Ռուսաստանում կասեցվեց։

Նավալնին չի ընդունում մեղադրանքները:

Հուլիսի 20-ին դատարանում ընդդիմադիր գործիչը հնչեցրեց իր «վերջին խոսքը»: Տեքստը հրապարակված է սոցցանցերի նրա էջերում։ Ալեքսեյ Նավալնին մեղադրել է Ռուսաստանի իշխանություններին՝ երկրի բնակչությանը չքավորության հասցնելու մեջ և կրկին դատապարտել է Ուկրաինայի դեմ պուտինյան ռեժիմի սանձազերծած պատերազմը։

Ռուսաստանցի, թերևս, ամենահայտնի ընդդիմադիր գործիչը՝ Նավալնին անազատության մեջ է 2021 թվականի փետրվարից․ դաշնային քրեակատարողական ծառայության պահանջով դատարանը նրա պայմանական պատիժը փոխարինեց ազատազրկմամբ՝ Գերմանիայից Նավալնիի վերադառնալուց անմիջապես հետո։ Ալեքսեյը արտերկրում էր՝ բուժման նպատակով։ Փորձագետների հաստատել էին՝ Կրեմլի քննադատին թունավորել էին «Новичок» տխրահռչակ թույնով։

Նախապես՝ Ալեքսեյը պատիժը կրում էր Պոկրովի ընդհանուր ռեժիմի գաղութում և պետք է ազատ արձակվեր 2023 թվականի ամռանը։ Սակայն 2022 թվականի հունիսին ուժի մեջ մտավ մի նոր դատավճիռ՝ խարդախության գործով, ըստ որի Նավալնին ազատազրկվեց ևս ինը տարով՝ տեղափոխվելով խիստ ռեժիմի գաղութ: Նրան տեղափոխեցին Վլադիմիրի նահանգի Մելեհովո գյուղի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկ։