Բելառուս են ժամանել վագներակաների առնավազն տասներեք շարասյուներ։ Լեհաստանի իշխանությունները հայտարարել են, որ ավելի քան հարյուր զինյալներ շարժվում են Բելառուսը Ռուսաստանի Կալինինգրադի մարզից բաժանող, այսպես կոչված, Սուվալկիի միջանցքի ուղղությամբ՝ բելառուսական Գրոդնո քաղաքի մոտ, և կարող են մասնակցել սադրանքներին։
Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով ավելի վաղ խոսել էր Լեհաստանի դեմ վագներականների կողմից նախապատրաստվող հարձակման մասին, հայտարարեց, թե ընդամենը կատակել է՝ հավելելով, որ լեհական իշխանությունները պետք է իրեն երախտապարտ լինեն, որ նա զսպում է վագներականներին։
«Կատակել եմ, թե վագներականները քչփչում են իրար մեջ, թե Ժեշուվ այցելելնք։ Ինչո՞ւ, որովհետև զինտեխնիկան և սպառազինությունը Ժեշուվից էին շարժվում այնտեղ, ուր Արտյոմովսկի (Բախմուտի) տակ կռվում էին այդ վագներականները։ Այնտեղ նրանց տղաներից հազարներով զոհվեցին։ Եվ նրանք չեն ների․․․։ Թող աղոթեն, որ մենք պահում ենք նրանց։ Առանց մեզ՝ կներթափանցեին և կներխուժեին Ժեշուվ ու Վարշավա»,- նշել է Լուկաշենկոն։
Բելառուսի ղեկավարը նաև ցանկություն է հայտնել օգտագործել «Վագների» փորձը՝ Բելառուսում արհեստավարժ բանակ ստեղծելու համար։ Նրա խոսքով, զինյալները փորձված զինվորականներ են, ինչն արժեքավոր է Մինսկի համար։
Your browser doesn’t support HTML5
Լուկաշենկոյի ներկայացմամբ, երկրի անվտանգության ապահովման հաջորդ գործոնը Բելառուսում տեղակայված միջուկային զենքն է ու գործող ատոմակայանը։
«Պետք է հասկանաք, որ միջուկային զենքը անվտանգություն է։ Դեռ ոչ ոք չի հարձակվել միջուկային երկրի դեմ։ Ունենք ատոմակայան, որը, պետք է ասեմ, անվտանգության ապահովման շատ ամուր գործոն է։ Եթե պայթի, ոչ ոք չի խուսափի հետևանքներից։ Ուստի պետք է շատ զգույշ լինել»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Настоящее время. Беларусь» նախագծի լրագրողները ուսումնասիրել են «Վագների» զինյալների կանանց ու մայրերի համացանցային նամակագրությունները։ Պարզվել է, որ Պրիգոժինի հայտնի ապստամբությունից հետո, նրա զինյալները մի քանի տարբերակ ունեին՝ մեկնել արձակուրդ, վերադառնալ «Վագներ», խզել պայմանագիրը կամ մնալ Բելառուսում՝ սպասելով նոր հանձնարարությունների՝ հնարավոր է աֆրիկյան երկրներում կամ Լեհաստանում։
Հաղորդվում է, որ Բելառուսում գտնվելու համար զինյալներն ավելի քիչ են վճարվում, քան Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար՝ մոտավորապես 150 հազար ռուսական ռուբլի կամ 1 580 դոլար։
Իրենց կանանց հետ զրույցում՝ զինյալները Բելառուսում գտնվելու պայմանները նմանեցնում են հանգստավայրերում առկա պայմաններին՝ լավ սնունդ, քնելու և հանգստի հոյակապ պայմաններ։
Բելառուսի միացյալ անցումային կառավարության ղեկավարի տեղակալ Պավել Լատուշկոն հայտարարել է, թե լեհական կողմի հետ քննարկելու է բելառուսների համար մարդասիրական միջանցքների պահպանման հարցը, եթե լեհ-բելառուսական սահմանն ամբողջովին փակվի։
Նախորդ շաբաթ օրը Լատուշկոն կապվել էր Լեհաստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։
«Դիմել եմ խնդրանքով, որ կրիտիկական իրավիճակում՝ սահմանային շարժի դադարեցման մասին որոշման դեպքում, պահանավի մարդասիրական միջանցքը։ Խնդրել ենք աշխատանքային հանդիպում կազմակերպել Լեհաստանի ներքին գործերի և արտաքին գործերի նախարարություններում»,- ասել է Պավել Լատուշկոն։
Ավելի վաղ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին հայտարարել էր, որ Վարշավան, Լատվիան ու Լիտվան կարող են փակել Բելառուսի հետ սահմանը, եթե սահմանամերձ շրջաններում լուրջ միջադեպեր գրանցվեն «Վագների» մասնակցությամբ։
Ներկայում փակ են լեհ-բելառուսական սահմանին տեղակայված բոլոր հսկիչ-անցագրային կետերը՝ բացառությամբ ուղևորների և բեռնատարների համար նախատեսված մեկական անցակետերի։