Մոսկվան անօդաչուներին չի՞ հավատում. վերլուծություն

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցներն անտեսեցին մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնին հասցված անօդաչուների հերթական հարվածը։

Ռուսաստանի մարզային լրատվամիջոցներում ու սոցցանցերի տեղի հատվածներում բուռն քննարկում է՝ Մոսկվայի գործարար կենտրոնում՝ «Moscow City»-ում գտնվող շենքերի ուղղությամբ իրականացված անօդաչուների հարձակումների վերաբերյալ։ Այդտեղ են գտնվում Ռուսաստանի էկոնոմիկայի, թվային զարգացման նախարարությունների, «Ростуризм»-ի, «Росстандарт»-ի, «Росимущества»-ի և պետական այլ կառույցների գրասենյակները։

Կիրակի գիշեր տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժել են երկու բարձրահարկ շենքեր։ Փշրվել էին շենքերից մեկի երկու հարկերի ապակիները։ Փողոցում թափթափված էին ծառայողական փաստաթղթեր։ Համաձայն հրապարակված լուսանկարների, դրանք պատկանում են Ռուսաստանի թվային զարգացման նախարարությանը։

Your browser doesn’t support HTML5

Մոսկվան անօդաչուներին չի՞ հավատում. վերլուծություն

Ի հավելումն, Ռուսաստանի իշխանությունները ժամանակավորապես արգելեցին թռիչքները Մոսկվայի և քաղաքին հարակից տարածքների վրայով, դադարեցրեցին «Внуково» օդանավակայանի աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մեղադրեց Ուկրաինային՝ տեղի ունեցածը բնորոշելով «ահաբեկչության փորձ»։

Ավելի վաղ՝ իր խոսքում Ուկրաինայի նախագահ Վոլոդմիր Զելենսկին ընդգծել էր․ «Պատերազմը վերադառնում է Ռուսաստանի տարածք՝ նրա խորհրդանշական կենտրոններ, ռազմական հենակետեր, և սա անխուսափելի, բնականոն և արդար գործընթաց է»։

Ռուսաստանի դաշնային հեռուստաընկերությունները լուրերի առավոտյան թողարկումներում անտեսեցին Մոսկվայի կենտրոնին հասցված անօդաչուների հարվածը՝ կենտրոնանալով Սանկտ Պետերբուրգում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ անցկացված զորհանադեսի շուրջ, որը նվիրված էր Ռուսաստանի ռազմա-ծովային ուժերի օրվան։

Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում Մոսկվան արդեն երրորդ անգամ է հարձակման ենթարկվում։

Սոցիալական հոգեբան, բլոգեր Ալեքսեյ Ռոսշչինի խոսքով, Ռուսաստանի մայրաքաղաքին նախկինում հասցված օդային հարվածներից սրանք, թերևս, ամենից տպավորիչն էին։ Թեև Կրեմլին ուղղված հարվածը նույնպես նշանակալի էր, սակայն լայն հանրությունն անտեղյակ մնաց դրա հետևանքներին և այն, փաստորեն, դուրս չեկավ առցանց հարթակից։

«Ւսկ այս պարագահում գործ ունենք տպավորիչ մի պայթյունի հետ՝ մի վայրում, որը քաջածանոթ է բոլոր մոսկվացիներին, և ինչ-որ առումով սրբազան վայր է։ «Moscow-City»-ին բազմիցս ցուցադրել են տարբեր ֆիլմերում։ Մյուս կողմից, իմ դիտարկումների համաձայն, տեղի ունեցածը դեռ խուճապ չի առաջացրել։ Կրեմելին հասցված հարվածից հետո՝ մայիսի կեսերին ֆոկուս խմբերի հետազոտություն էի անցկացրել, և այն ժամանակ արձագանքն ավելի մեծ էր։ Շատերի մոտ նկատելիորեն նվազել է համոզմունքը, թե պատերազմը Մոսկվայի համար բարեհաջող ավարտ կունենա»,- ասում է Ռոսշչինը։

Սոցիալական հոգեբանի խոսքով, թերևս, այժմ ընթանում է անխուսափելի դարձած վտանգին հարմարվելու մի գործընթաց․ «Մարդիկ մոտավորապես այսպես են մտածում՝ Մոսկվան մեծ է, գուցե մեր վրա չի ընկնի։ Տեղի ունեցողն իր ճնշող ազդեցությունն է ունենում, սակայն ավելի քիչ, քան նախկինում էր»։

Բացի այդ բնակչությունը համոզվեց, թե որքան սին են Կրեմլի խոսքերը, որ մայրաքաղաքը պաշտպանում է հակաօդային պաշտպանության ամուր համակարգը․ «Վահաններն այդչափ ծակծկված չեն լինում։ Քաղաքացիների մի մասի համար այն բախում էր նոր իրականության հետ։ Սակայն մոսկվացիները՝ բոլոր ռուսաստանցիների նման, իշխանությունների հերթական սխալ հաշվարկին արձագանքում են ոչ թե բողոքի ակցիաներով, այլ հարմարվելու ցանկությամբ․ նստել-սպասել ինչ-որ մի աննկատ վայրում»։

Ալեքսեյ Ռոսշչինը շարունակում է, թե ակնհայտ է, որ աշխատում են տեղեկատվական դաշտը չկենտրոնացնել տեղի ունեցող այդ միջադեպերի ուղղությամբ․ «Իբր Բաղդադում ամեն ինչ հանգիստ է։ Քարոզչամեքենան ներշնչում է բնակչությանը, թե տեղի ունեցողը սովորական երևույթ է։ Այն լռում է չափազանց մեծ կարևորություն ունեցող Չոնգարսկի կամրջին ուկրաինական զինուժի հասցրած հարվածների մասին։ Լռությունը ուժ չունենալուց է և փաստարկների բացակայությունից։ Իհարկե, մայրաքաղաքին հասցված հարվածները անպատեհ են Կրեմլի տեսակնյունից, որովհետև ցանկություն կա բնակչության մոտ տպավարություն ստեղծել, թե կյանքը շարունակվում է նախկինի նման, որն, իհարկե, հակասում է օբյեկտիվ իրականությանը»։

Ռուսաստանցի ընդդիամդիր գործիչ Դենիս Շենդերովիչի խոսքով, Պուտինը չի կարող ապահովել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների անվտանգությունը ոչ միայն

Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում, բռնազավթած Ղրիմում, այլև՝ երկրի մայրաքաղաքում, ինչն արդեն փաստ է։

«Թե նման պայմաններում ինչու են քաղաքացիները տակավին երշախավորում, որ նա՝ [Պուտինը] մնա նախագահի աթոռին, լուրջ հարց է։ Միգուցե, Մոսկվայի շուրջն առկա է հակաօդային պաշտպանության վահան, բայց ինչպես է այն աշխատում միայն հիմա պարզ դարձավ։ Այսինքն, այն թղթի վրա կա, բայց այնուհետև՝ հաջորդում են նրբերանգները։ Այս ողջ ընթացքում Պուտինը սնում էր կոռուպցիան և համարում էր իր ռեժիմի հիմքը, իսկ հիմա կարող է քաղել իր կառավարման արդյունքները»,- «Ամերիկայի Ձայնին» ասում է Շենդերովիչը։

Ըստ ընդդիմադիր գործչի, թե նման իրավիճակում ինչպես իրեն կդրսևորի կրեմլյան քարոզչամեքենան, որևէ նշանակություն չունի․ «Սակայն բիզը պարկում չես թաքցնի, և [մարդկանց] գլխներին ընկնող հրթիռները և անօդաչուները ցանկացած քարոզչությունից ավելի լավ կբացատրեն, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Տեսնենք, թե ինչ կասի Կրեմլը, երբ Կիևը ստանա մեծ հեռահարության հրթիռներ։ Կարծում եմ, ուկրաինացիներին անհրաժեշտ սպառազինության մատակարարմանը զուգահեռ՝ Ուկրաինայի հասցրած հարվածները կուժեղանան»։

«Ամերկայի Ձայնի» հետ զրույցում ամերիկացի քաղաքական վերլուծաբան Լինքոլն Միթչելըն ասում է, որ ուկրաինական զինուժը չի գնա միջազգային իրավունքի խախտմանը և հարվածներ հասցնի քաղաքացիական օբյեկտներին, ինչպես անում է Կրեմլը, և քիչ հավանական է, որ ռուսաստանցիներն իրենց վրա զգան հրթիռային զանգվածային այն հարվածները, որոնց առերեսվել են ուկրաինացիները պատերազմի անցած ավելի քան 500 օրերին։

«Հնարավոր է անօդաչուներով հարվածներ հասցվեն Ռուսաստանի մայրաքաղաքին կամ Սանկտ Պետերբուգին, սակայն դժվար թե հնարավոր են զանգվածային հրիթիռային հարվածներ, որոնք Ռուսաստանն իրականացնում է Ուկրաինայի դեմ։ Ուկրաինայում առկա սպառազինության մեծ մասը ստացվում է արևմտյան դաշնակիցներից, օրինակ՝ Միացյալ Նահանգներից, եվրոպական դաշնակիցներից, և այդ զենքը կիրառվում է Ուկրաինայի տարածքում՝ ռուսական զորքերի դեմ պայքարելու համար։ Ուկրաինայի համար առաջնահերթությունը ռուսական զորքերի դուրս մղումն է երկրից»,- ընդգծում է Միթչելը։