Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայրում 19 բեռնատարով՝ 361 տոննա մարդասիրական բեռը, դեռ անշարժ կանգնած է։ ՌԴ խաղաղապահ զորախումբը, որին դիմել է Հայաստանը խնդրանքով՝ ապահովել մարդասիրական բեռի անցումը Լեռնային Ղարաբաղ, դեռևս ոչինչ չի ձեռնարկել։ Բեռնատարներում եղած սննդամթերքը նախապես ցուցադրվել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նրանք հավաստիացել են, որ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է ուղարկվում հրուշակեղեն, ալյուր, շաքարավազ, բուսական յուղ, կաթի փոշի, աղ, մանկական կեր և դեղորայք:
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, որոնք այցելել էին Կոռնիձոր՝ այն հատվածը, որտեղ կանգնած են Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք հումանիտար օգնությամբ բեռնատարները։ Նրանք գնացել էին տեղում ծանոթանալու իրավիճակին։ Մարզպետը ցույց տվեց Հակարիի կամուրջը, որտեղ Ադրբեջանն անցակետ է դրել ու արգելափակել Լաչինի միջանցքը՝ թույլ չտալով, որ հումանիտար բեռը հասնի Լեռնային Ղարաբաղ։ Նա մանրամասն ներկայացրեց իրավիճակը՝ օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը։
Կոռնիձոր էին այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգների, Բելառուսի, Բուլղարիայի, Իսպանիայի, Իտալիայի, Իրանի, Իրաքի, Լեհաստանի, Լիտվայի, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեյցարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Սերբիայի, Ուկրաինայի և Ֆրանսիայի դեսպանությունների, ինչպես նաև ԿԽՄԿ և ՄԱԿ ներկայացուցիչները։
«Դուք կարող եք տեսնել՝ հումանիտար բեռներով մեքենաները տևական ժամանակ է, ինչ գտնվում են այստեղ: Մինչ այս պահը մենք շատ փոքր ծավալով դեղորայք ու սննդամթերք ուղարկել ենք Արցախ, բայց վերջին շրջանում ընդհանրապես անհնար է որևէ բան ուղարկել: Մեքենաներն այստեղ կանգնած են, և անհնար է դառնում այս հումանիտար բեռի տեղափոխումը սահմանից այն կողմ,- ասաց Ռոբերտ Ղուկասյանը,-տասնյակ հազարավոր մարդիկ՝ քաղցած, այն կողմում են, բեռները՝ այս կողմում»։
Արդյոք Ադրբեջանը՝ խոսելով ինտերգրացիայի մասին, ուզում է դրան հասնել Ղարաբաղի բնակչությանը սովամահության հասցնելու ճանապարհո՞վ,- ասաց մարզպետը: Նրա խոսքերով, այս հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, ովքեր դրան անհամբեր սպասում են: Այլապես, մենք բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակն ամեն վայրկյան վատթարանում։
Այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի իշխանության կողմից և այն գործողությունները, որոնք կատարվում են, ցույց են տալիս, որ կա հստակ միտում՝ Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի համար ստեղծել կյանքի հետ անհամատեղելի պայմաններ, ինչն էլ իր հերթին կբերի էթնիկ զտումների,- ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Սա 21-րդ դարում քաղաքակիրթ հանրության համար որևէ կերպ ընդունելի լինել չի կարող,- շեշտեց փոխնախարարը՝ հույս հայտնելով, որ այն ամենը, ինչ դիվանագետները տեսան Կոռնիձորում, կփոխանցեն իրենց մայրաքաղաքներ և բոլոր մայրաքաղաքները հանդես կգան համապատասխան հայտարարություններով ու գործողություններով, ինչը թույլ կտա ժամ առաջ ապաշրջափակել Լաչինի միջանցքը։
ԱՄՆ դեսպանությունը այսօր գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում․ «Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։ Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,- ասված է գրառման մեջ։
Այսօր նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը վերահաստատել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու նախկինում հնչեցրած իր կոչը: «Խստորեն վերահաստատում եմ իմ նախկին կոչերը՝ վերականգնելու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքում։ Ուշադրություն եմ հրավիրում յոթ ամիս առաջ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդունված միջանկյալ միջոցների վրա», - ասել է Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։
Բազմաթիվ են գրառումները «X» սոցցանցում` նախկին «Twitter»-ում։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - «X»-ում գրել է լորդ Դեյվիդ Ալթոնը՝ բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ։
«Լաչինի միջանցքը պետք է բացվի։ Նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տրամադրվող մարդասիրական օգնությունը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ տեղափոխելը անհնար է դարձել, դա անընդունելի է։ Անհրաժեշտ է ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ, որպեսզի իրավիճակը առավել չսրվի»,- գրել է Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ռենատա Ալտը։
Հանուն միջազգային խաղաղության «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը գրել է․ «Բորելի՝ ԵՄ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ չափազանց պարզ է՝ հումանիտար իրավիճակը ծանր է, Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը մատակարարումների համար։ Աղդամի ճանապարհը կլինի Լաչինին լրացնող, այլ ոչ թե՝ այլընտրանք։ Չպետք է խոչընդոտվի ԿԽՄԿ-ի աշխատանքը։ Դեռևս պարզ չէ, թե ինչ է անելու Բաքուն»։
«X»-ում իր դիրքորոշումն է արտահայտել Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը․ «Նիդերլանդները լուրջ մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի բնակչության հումանիտար իրավիճակին և լիովին սատարում է Ժոզեպ Բորելի հայտարարությանը»,- ասված է գրառման մեջ։
Նույնպես «X»-ում կարդում ենք 2018 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած իրաքցի, ազգությամբ եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադի գրառումը․ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի կառավարությունը պետք է թույլ տա Լաչինի միջանցքով օգնություն տրամադրել կարիքի մեջ հայտնված մարդկանց»։