ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել նման հայտարարությամբ` Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Փհենյան կատարած այցի ֆոնին։
ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, Փհենյան այցելած Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Հյուսիսային Կորեայի պաշտոնյաների հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր։
«Մենք չափազանց մտահոգված ենք», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
«Հյուսիսային Կորեայի աջակցությունը Ռուսաստանին` հրապարակային հայտարարությունների և սպառազինության առաքման եղանակով ի ցույց են դնում [Փհենյանի] ապակայունացնող և անպատասխանատու դերը միջազգային հարաբերություններում»,- նշել է Պատելը։
Փոխխոսնակն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հյուսիսային Կորեային` սպառազինության մշակման ծրագրերում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակելով դրա դեմ ուղղված միջոցառումների ընդունումը։
«Այս ամենը միայն ընդգծում է, թե որքան վնասակար է ռուսական ազդեցությունը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում»,- եզրափակել է Պատելը: