Բրիտանական «Chatham House»-ը վերջերս ներկայացրել է «Ինչպես վերջ տալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին․ պաշտպանելով Եվրոպայի ապագան, կեղծ խաղաղության վտանգը» զեկույցը` ընդգծելով, որ պատերազմի արդյունքը չափազանց կարևոր է լինելու։
Զեկույցում ներկայացված են Ուկրաինայի համար բարեհաջող ավարտի մի քանի տարբերակներ` Ուկրաինայի սահմանների ամբողջական վերականգնումից մինչև Ռուսաստանին որոշ տարածքներ զիջելու գնով ձեռք բերված համաձայնություն։
Արևմտյան ժողովրդավարական երկրներում ընտրական նոր շրջափուլի մեկնարկը շատերին է հարկադրել մտորել` ինչպիսի՞ն կարող է լինել խաղաղության ճանապարհը և որո՞նք են Ուկրաինային աջակցելու սահմանները:
Անդրադառնալով «Chatham House»-ի զեկույցին՝ Լոնդոնում գործող վերլուծական կենտրոնի` Ռուսաստանի ու Եվրասիայի ծրագրի ավագ գիտաշխատող Քիր Ջայլսը ասում է, թե կարելի էր զեկույցն անվանել՝ «Ինչպե՞ս չավարտել Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում»:
Ըստ վերլուծաբանի, պատերազմը դադարեցնելուն ուղղված զեկույցում առկա առաջարկները զուգորդված են փորձագիտական գնահատականներով, թե ինչու են այդ առաջարկները ռիսկային կամ չեն աշխատի, անգամ կարող են հանգեցնել Եվրոպայում անվտանգության վատթարացմանը։
«Խաղաղության բոլոր նախաձեռնությունները՝ անհապաղ հրադադարի կոչերը, փոխզիջումային բանակցությունների միջոցով կարգավորման հասնելը, թե Ուկրաինայի կողմից տարածքային զիջումները, ունեն մեկ ընդհանուր գիծ, որը հստակ արտացոլված է զեկույցում՝ նման «խաղաղության առաջարկների» հեղինակներն ավելի շատ են վախենում Ռուսաստանի, քան Ուկրաինայի պարտությունից»,- ընդգծում է բրիտանացի հետազոտողը։
Փորձագետը կարծում է, որ արևմտյան տարբեր լրատվամիջոցներում հնչած կարծիքները, թե «արդեն ամեն ինչ արվել է Ուկրաինային օգնելու համար», խորապես սխալ են։ Հետևանքն այն է, որ տարբեր կողմերից հնչող գրեթե բոլոր «խաղաղ
նախաձեռնությունները» իրավիճակը վատացնում են, քանզի ապահով լինելու համար՝ Ուկրաինան պետք է ամեն ինչ անի՝ հասնելու ռազմավարական նշանակության հաղթանակի։
Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Լիանա Ֆիքսի համոզմամբ, ռուս-ուկրաիկնական պատերազմի ավարտի լավագույն տարբերակը Ռուսաստանի ռազմական ջախջախիչ պարտությունն է․ «Ուկրաինական բանակի ռազմատեխնիկական հնարավորությունների բացակայությունը թույլ է տվել ռուսական բանակին լավ նախապատրաստվել, ականապատել Ուկրաինայի բռնազավթված տարածքի հսկայական հատվածներ, որն այսօր զսպում է ուկրաինական զինված ուժերի հակահարձակումը։ Սակայն այն չի նշանակում, որ ուկրաինական հակահարձակման հաջողությունը պետք է կասկածի տակ դրվի: Այժմ Ռուսաստանի և Պուտինի համար բավարար է դարձել հաջողությամբ պաշտպանվելը։ Նա [ձգտում է] ձգձգել պատերազմը՝ մինչև ԱՄՆ նախագահական ընտրությունները»:
Մոսկվայում ռեժիմի փոփոխության հեռանկար Ֆիքսը չի տեսնում, առավել ևս՝ Պուտինի կողմից քաղաքականությունը փոխելու տարբերակ։
Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի (CEPA) ծրագրերի տնօրեն Սեմ Գրինի կարծիքով, ժողովրդավարական Արևմուտքը չի ցանկանա ապրել մի աշխարհում, որը հիմնված է Ուկրաինայի պարտության վրա: Գրինը առաջարկում է զուգահեռ բանակցություններ վարել արևմտյան բոլոր առաջնորդների հետ՝ «համոզելու նրանց տալ ուկրաինացիներին այն ամենը, ինչ անհրաժեշտ է, քանզի հարկավոր է վերականգնել այն աշխարհակարգի կանոնները, ուև բոլորը կցանկանային ապրել»։
Փորձագետն ընդգծում է՝ նման բանակցությունները պետք է հիմնված լինեն «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման վրա»։
«Նման իրավիճակում ուկրաինացիները պետք է հասկանան, որ պայքարելու նպատակ ունեն՝ այն եվրատլանտյան ինտեգրումն է։ Արևմուտքում չպետք է թույլ տա ռազմավարական անորոշություն, քանի որ այն աշխարհում քաղաքական անկայունության հիմք կդառնա։ Այսինքն, Ուկրաինան երկարաժամկետ հեռանկարում պետք է դառնա եվրոպական անվտանգության բանալին»,- նշում է Սեմ Գրինը՝ հավելելով, թե Կրեմլին հարկավոր է պատերազմը, քանզի պուտինյան ռեժիմի գոյության իմաստը մեծ մասով այլևս կախված է դրանից:
Քեյր Ջայլսը վստահ է՝ «ապարդյուն է խոսել խաղաղ կարգավորման մասին այն ղեկավարի, ով հավատում է, որ իշխելու իրավունք ունի»։
Գրինը հավելում է՝ «Պուտինն ու նրա շրջապատը ուժեղացել են պատերազմով»։
«Նա կառուցեց իր ուժը այս պատերազմի հիման վրա: Պատերազմն արդարացնում է Ռուսաստանի քաղաքական և տնտեսական վերնախավի հետ նրա այդօրինակ հարաբերությունները»,- նշում է Սեմ Գրինը:
Փորձագետը հավելում է՝ Արևմուտքը կառուցում է այնպիսի քաղաքականություն, որը «փորձում է Ռուսաստանում փոփոխությունների միջոցով վերջ տալ պատերազմին, բայց ստացվում է հակառակ արդյունքը, և Ռուսաստանում փոփոխությունների բնույթը կորոշվի այս պատերազմի արդյունքով»։
Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Լիանա Ֆիքսը չի հավատում, թե Պուտինը կարող է գնալ տևական խաղաղ կարգավորման մի հարցում, որն իր համար կենսական նշանակություն ունի․ «Այստեղ տրամաբանությունը տեսանելի չէ: Անհասկանալի է, թե ինչու պետք է Պուտինը նստի բանակցությունների սեղանի շուրջ, անգամ եթե պարտություններ կրի։ Նայեք հացահատիկի գործարքին: Այժմ ռմբակոծում է վրեժխնդրության համար և առաջարկում է անվճար հացահատիկ մատակարարել աֆրիկյան երկրներին։ Այս պատճառով թերահավատ եմ։ Սա Պուտինի պատերազմն է։ Բանակցությունների հեռանկար կլինի Պուտինից հետո եկած Ռուսաստանի ղեկավարի հետ, ով կցանկանա դուրս բերել Ռուսաստանը պատերազմի հետևանքներից, բայց դեռ վաղ է նույնիսկ խոսել այդ մասին»: