Իսրայելում բողոքի ակցիաներ են` կառավարության հայտարարած դատական փոփոխությունների պատճառով 

Իսրայելում բողոքի ակցիաներ են

Հազարավոր իսրայելցիներ փակել են ճանապարհները և պնդում են` շարունակելու են պայքարը փոփոխությունների դեմ, որոնք, իրենց կարծիքով, սպառնալիք են ժողովրդավարությանը։ 

Իսրայելում դատական իշխանությունը սահմանափակող օրենքի ընդունումը, ըստ քննադատների, սպառնալիք է ժողովրդավարությանը։

Կառավարության որոշումները չեղարկելու Գերագույն դատարանի լիազորությունները սահմանափակող օրենքն Իսրայելում ընդունվեց` խորհրդարանում ընդդիմության բոյկոտի պայմաններում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքով, ընդդիմադիրները չափազանցնում են, թե նման փոփոխությունը սպառնալիք է ժողովրդավարությանը. «Իսրայելը պետք է պահպանի ամուր ժողովրդավարությունը, որը կպաշտպանի բոլորի իրավունքները։ Դատական համակարգը շարունակելու է մնալ անկախ, և որևէ կողմ չի վերահսկի այն»:

Շատերը, սակայն, համաձայն չեն՝ մտավախություն հայտնելով, որ սա սոսկ առաջին քայլն է` Գերագույն դատարանից իշխանությունը խլելու և այն աջակողմյան կառավարության ձեռքին կենտրոնացնելու ճանապարհին:

Your browser doesn’t support HTML5

Իսրայելում բողոքի ակցիաներ են` կառավարության հայտարարած դատական փոփոխությունների պատճառով

Բողոքի ակցիաները սուր բնույթ ստացան օրենքի ընդունումից հետո. տասնյակ հազարավոր ցուցարարներ փակեցին Երուսաղեմի և Թել Ավիվի ճանապարհները` բախվելով ոստիկանության հետ: Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ` ձերբակալելով մրդկանց։

Թեև առաջին անգամ չէ, որ Իսրայելում լայնածավալ բողոքի ակցիաներ են, սակայն դիտորդներն ուշադրություն են հրավիրում` աննախադեպ է, որ բողոքի ալիքը տևի կես տարուց ավելի:

«Times of Israel»-ի գլխավոր խմբագիր Դավիթ Հորովիցն ասում է. «Այս բողոքի ակցիաները տարբեր են: Խաղադրույքները տարբեր են: Բողոքի դուրս ելած մարդկանցից շատերը համոզված են, որ Իսրայելի ներկայիս կառավարությունը ձգտում է փոխել երկրի կառավարման ձևը»:

Դատական փոփոխությունների դեմ յոթ ամիս շարունակվող զանգվածային ցույցերը հատկապես սրվեցին քվեարկությունից առաջ, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Թել Ավիվից երթով շարժվեցին դեպի Երուսաղեմ, ուր երկրի խորհրդարանի շենքն է:

Բողոքի ակցիայի մասնակից Նուրիտ Բինիամինի խոսքով, սա այն է, ինչ իրենք կարող են անել Իսրայելի ժողովրդավարության համար:

Բողոքի ալիքը ընդլայնվում է. իսրայելական բանակի ավելի քան 10 հազար պահեստազորայիններ, այդ թվում` էլիտար ստորաբաժանումներում ծառայածներ, սպառանացել են, որ կդադարեն ներկայանալ ծառայությանը, եթե կառավարության նախաձեռնած դատական փոփոխություններն ուժն ստանան։

Նրանց խոսքով, հրաժարվում են ծառայել ոչ ժողովրդավարական վարչակազմին՝ անտեսելով երկրի ռազմական ղեկավարության նախազգուշացումները:

«Զենքի եղբայրներ» շարժման անդամ Ջոնաթան Գոլանն ասում է. «Մեծ եմ, այլևս ակտիվ ծառայություն չեմ կատարում, բայց երկու տղաներս էլ, որոնք պահեստազորից են, [հայտարարություն են] ստորագրել, որ կդադարեցնեն ծառայությունը։ Նույնն են արել այստեղ գտնվող իմ բոլոր ընկերները, քանի որ մեզանից ոչ ոք չի ցանկանում լինել բռնապետության զինված ուժերում»:

Դատական բարեփոխումների կողմնակիցներն ասում են, որ նոր ընդունված օրենքը բարեփոխումների միայն առաջին մասն է: Ընդդիմադիրները դիմել են Գերագույն դատարան՝ ընդդեմ փոփոխության, և հայտարարում են, որ կշարունակեն իրենց բողոքի ակցիաները, քանի դեռ դատական փոփոխությունը չի չեղարկվել: