Հունական Հռոդոս կղզում անտառային հրդեհներ են, որոնք շարունակվում են արդեն վեցերորդ օրը: Աղետը հարկադրել է ավելի քան 19 հազար մարդու միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու սեփական անվտանգությունը: Միևնույն ժամանակ, Հունաստանում անտառային հրդեհների վտանգը մեծանում է՝ օդի բարձր ջերմաստիճանի, չոր եղանակի և քամիների պատճառով:
Մասնավոր անձանց պատկանող տասնյակ նավակներ միացել են Հունաստանի առափնյա պաշտպանության ուժերին՝ տարհանելու հազարավոր մարդկանց, ինչը, ըստ տեղի իշխանությունների, ամենից լայնածավալ տարհանումն է երկրի պատմության ընթացքում: Կառավարության ներկայացուցչի խոսքով, ծովային փրկարարները երեք հազար մարդու են տեղափոխել անվտանգ տարածք:
Շատերի համար ապաստարան է դարձել տեղի բասկետբոլի խաղադաշտերից մեկը:
Հունաստանի Հռոդոս կղզին զբոսաշրջիկների նախընտրած վայրերից է՝ հայտնի իր լողափերով: Կղզում բնակվում է ավելի քան 100 հազար մարդ, որոնք մոտ մեկ շաբաթ է շնչում են անտառային հրդեհների ծուխը։
Վերջերս Հունաստանի հրշեջ ծառայության ուշադրության կենտրոնում էին մայրաքաղաք Աթենքի հյուսիսում և արևմուտքում բռնկված հրդեհները: Չդադարող բարձր ջերմային ալիքներն են նման հրդեհների առաջացման գլխավոր պատճառը, և փորձագետները նախազգուշացնում են՝ այդ ամենը կարող է դառնալ սովորական:
Բարձր ջերմաստիճանի հարցերով ՄԱԿ-ի ավագ խորհրդական Ջոն Նեյրնն ասում է․ «Նման աղետների ինտենսիվությունը կաճի, և աշխարհը պետք է պատրաստվի ավելի ինտենսիվ բարձր ջերմային ալիքների: Վախենամ՝ դրանք բավականին լուրջ ազդեցություն կունենան մարդկանց առողջության և ապրուստի վրա»:
ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության գնահատմամբ, համաշխարհային ջերմացման հետևանքով տաքացող ջրերը կարող են ի վերջո հանգեցնել ջերմաստիճանի զգալի փոփոխության: