Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը փորձեց օգտագործել այս շաբաթ կայացած իր վաշինգտոնյան այցը՝ ԱՄՆ հետ լարվածությունը թուլացնելու համար: Նախագահ Բայդենը Իսրայելին զգուշացրել է երկրում ժողովրդավարության առջև կանգնած վտանգների մասին։
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ հնչած բազմաթիվ հոտնկայս ծափահարություններից կարելի էր տպավարություն ստանալ, որ երկու երկրների հարաբերություններն ամուր են, քան երբևէ: Սակայն անգամ Հերցոգը խոսեց լարվածության մասին․ «Չեմ անտեսում ընկերների քննադատությունը, այդ թվում՝ այս Կոնգրեսի հարգարժան անդամների քննադատությունները: Հարգում եմ քննադատությունը, հատկապես ընկերների կողմից, թեև միշտ չէ, որ այն պետք է ընդունել»։
Սպիտակ տանն ընդունելով Հերցոգին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդգծել է իր խորը կապը հրեական պետության հետ՝ այն անվանելով «անխախտ»:
Բայց փաստն այն է, որ Վաշինգտոնում էր Իսրայելի նախագահը, ոչ թե իրական ղեկավարը՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն, և այս հանգամանքը վկայում է երկու երկրների միջև առկա լարվածության մասին:
Հերցոգի այցից միայն մեկ օր առաջ և Նեթանյահուի՝ իշխանություն վերադառնալուց յոթ ամիս անց՝ նախագահ Բայդենը առաջարկեց Իսրայելի վարչապետին հանդիպել:
Անվտանգության քաղաքականության գծով նախկին պաշտոնյա, Իսրայելի քաղաքականության ֆորումի անդամ Նիմրոդ Նովիկն ասում է․ «Իսրայելում վարչապետը վարչապետ չէ, քանի դեռ չի այցելել Սպիտակ տուն։ Ավանդաբար, այն տեղի է ունենում պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում»:
Նախագահ Բայդենը զգուշացրել է Նեթանյահուին՝ իսրայելական ժողովրդավարության առջև կանգնած վտանգի մասին՝ առանց հանրային լայն փոխհամաձայնության և համատարած բողոքների ֆոնին Իսրայելում դատական համակարգի արմատական բարեփոխումներն առաջ մղելու պատճառով: ԱՄՆ նախագահը նաև մտահոգություն է հայտնել, որ Նեթանյահուի գլխավորած կոլաիցիոն կառավարության մաս են դարձել ծայրահեղական ուժերը:
ԱՄՆ-ում Իսրայելի նախկին դեսպան Մայքլ Օրենն նշում է․ «Ներկայացվում է, թե խնդիրը դատական բարեփոխումներն են, բայց, կարծում եմ, որ կան շատ ավելի խորքային խնդիրներ․ դրանք կապված են պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի այս կառավարության դիրքորոշման հետ»:
Իր այցի ընթացքում նախագահ Հերցոգը փորձում էր փարատել ամերիկացի առաջնորդների կասկածները իսրայելական ժողովրդավարության վերաբերյալ՝ պնդելով, թե այն մնում է ամուր:
Սակայն հարցն ամենևին մեջտեղից դուրս չի գալիս՝ արդյո՞ք այն բավարար է Բայդենի և Նեթանյահուի միջև առաջացած բացերը կամրջելու համար: