Դրա մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ալիևի հետ հեռախոսազրույցում Բլինքենը նաև շեշտել է բանակցություններում ճկունության, կրեատիվություն և փոխզիջման անհրաժեշտությունը։
«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն դեպի տևական և արժանապատիվ խաղաղություն տանող բանակցությունների դրական առաջընթացը», - նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ, պատասխանելով հարցերին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Մեթյու Միլլերը նշել է, որ առայժմ որևէ հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև պլանավորված չէ: Ըստ նրա՝ «Երբ [ամերիկյան կողմը] ասում ենք, որ խաղաղությունը մոտ է, նկատի ունենք, որ նրանք [բանակցային կողմերը] զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նվազեցրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չկարգավորված։ Այնպես որ, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է», - ասել է Միլլերը։
Նա նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու համար կողմերը պետք է պատրասըտ լինեն փոխզիջման։