Ավելի քան հարյուր պետություն արգելել է կասետային ռումբերի կիրառումը։ Սակայն Կիևին նման ռումբեր մատակարարելու Վաշինգտոնի որոշման պատճառն այն է, որ ռուսական ուժերի դեմ հակահարձակման ընթացքում Ուկրաինան արագորեն սպառում է իր զինանոցը՝ պարզաբանել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին։
«Պատրաստվում ենք [Ուկրաինա] առաքել լրացուցիչ հրետանային արկեր, որոնց մեջ կան կասետային ռումբեր։ [Միևնույն ժամանակ], արագացնում ենք սովորական հրետանային արկերի արտադրությունը»,- ասել է պաշտոնյան։
Your browser doesn’t support HTML5
Պաշտոնական Մոսկվան դատապարտել է ԱՄՆ այդ որոշումը, թեև Կրեմլը բազմիցս է հայտնվել քննադատության թիրախում՝ Ուկրաինայի խաղաղ բնակավայրերի դեմ կասետային ռումբեր կիրառելու համար:
Իրավապաշտպանները հիշեցնում են խաղաղ բնակիչների համար կասետային ռումբերի ներկայացրած վտանգները: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բարբարա Լին «CNN»-ի եթերում արձագանքել է մտահոգություններին․ «[Այդ ռումբերը] անմիջապես չեն պայթում։ Երեխաները կարող են ոտք դնել դրանց վրա։ Դա այն սահմանն է, որը մենք չպետք է անցնենք»։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «ABC»-ի եթերում վերստին բարձրաձայնել է միջազգային հանրությունից որպես աջակցություն տարբեր զինատեսակներ ստանալու կարևորության մասին․ ««F-16»-ը կամ ցանկացած այլ տեխնիկա, որը մեզ անհրաժեշտ է, հնարավորություն կտա ավելի արագ շարժվել, ավելի շատ կյանքեր փրկել, և երկար ժամանակ կանգնել մեր դիրքերում»։
Զելենսկին ընդգծել է, որ Վիլնյուսի գագաթնաժողովում կցանկանար անվտանգության հստակ երաշխիքներ ստանալ ՆԱՏՕ-ից։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, սակայն, չափավորել է ակնկալիքները, թե Ուկրաինան շուտով կմիանա ռազմական դաշինքին․ «Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ում միակարծություն է՝ այս պահին՝ պատերազմի ընթացքում ալյանսին Ուկրաինայի միանալու հարցում։ ՆԱՏՕ-ին անդամակցելը գործընթաց է, որը որոշակի ժամանակ է պահանջում՝ բոլոր որակավորումներին համապատասխանելու համար՝ ժողովրդավարացումից մինչև այլ հարցեր»,-ասել է Բայդենը։
ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Մայքլ ՄըքՔոլը «CNN»-ին փոխանցել է․ «[Ուկրաինացիները] կամք ցուցաբերեցին՝ պայքարելով ազատության և ժողովրդավարության համար, բռնապետության և ճնշումների դեմ: Կարծում եմ, նրանք վաստակել են [ՆԱՏՕ-ին անդամակցելու իրավունքը], բայց մենք պետք է այն դնենք ճիշտ ուղու վրա, [ինչը նշանակում է] չի կարող լինել անհապաղ անդամակցություն»:
Ակնկալվում է, որ վիլնյուսյան գագաթնաժողովում շարունակվելու են քննարկումները, թե ինչպես հնարավոր դարձնել Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։