Ռուսների գրաված ԱԷԿ-ի մոտ բնակվող ուկրաինացիները ջրի լուրջ խնդիր ունեն

Russia Ukraine War Dam Collapse Victims

Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից մեկ ամիս անց ջրամբարը, որը 1950-ականներից ի վեր ջրի, էներգիայի ու սննդի աղբյուր էր տարածաշրջանի համար, վերածվել է չորացած ձկների գերեզմանոցի։

Ուկրաինային պատկանող ջրամբարը, որն ընդարձակ լինելու պատճառով «ծով» էր կոչվում, գրեթե ցամաքել է։

Մինչ ուկրաինական Նիկոպոլ քաղաքի բնակիչներին բեռնատարներով են խմելու ջուր հասցնում, ուկրաինացի պաշտոնյաներն ահազանգում են` ռուսների ձեռքում հայտնված Զապորոժիեյի ատոմակայանը կարող է աղետի գոտի դառնալ:

«Փորձելու ենք գոյատևել, փրկել մեր երեխաներին: Հուսանք, որ ատոմակայանի հետ ամեն ինչ լավ կլինի»,- ասում է Նիկոպոլի բնակիչ Մելանյան։

Խանութներում խմելու ջուրը սպառվել է: Մելանյան հույս ունի, որ միջուկային աղետը կշրջանցի իր երեխաներին:

Սակայն բնակիչների խոսքով, հնարավոր միջուկային աղետը այնքան հրատապ չէ, որքան ստեղծված իրավիճակը։ Հունիսին Կախովկա ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունը ոչ միայն տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձավ, հեղեղեց քաղաքներ և գյուղեր, այլև գրեթե ջրազրկեց հարյուր հազարավոր բնակիչների։

Նիկոպոլի բնակիչ Մարինայի խոսքով, պայթյունի հաջորդ օրն արդեն բոլորը խմելու ջուր էին փնտրում։

Ներկայում տեղի իշխանությունները բեռնատարներով խմելու ջուր են մատակարարում բնակիչներին, բայց կենցաղում օգտագործելու ջուր դեռ չունեն:

Բնակիչներն ասում են, որ այլևս ցեխոտ անապատի վերածված ջրամբարի հարևանությամբ ընկած այգիներում բերքն այլևս չի աճում:

Մալոկատերինիվկայի բնակիչ Օլենան ասում է. «Այգիները ջրելու ջուր չկա, տհաճ հոտն աներևակայելի ուժեղ է: Շատ ձկներ են սատկել։ Այնտեղ` հեռվում մեր ամենահայտնի ազգային պարկն էր։ Այնտեղ շատ կենդանիներ կային, թռչուններն էլ չվեցին»։

Օլենայի և մյուսների ընկալմամբ, միջուկային աղետի վտանգը չափազանց մեծ է: 1986 թվականին Ուկրաինայի Չեռնոբիլի մոտ տեղի ունեցած միջուկային պայթյունը մթնոլորտ արտանետեց չորս հարյուր անգամ ավելի շատ ռադիոակտիվ նյութ, քան Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ճապոնիայի Հիրոսիմայի ռմբակոծումը: Հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել էին, և մինչ օրս 2 600 քառակուսի կիլոմետր տարածք անմարդաբնակ է:

Չնայած Չեռնոբիլի վթարի հետևանքով աճեց մահերի, հիվանդությունների, ներառյալ` մանկական քաղցկեղի քանակը, սակայն նման աղետի երկարաժամկետ հետևանքները մարդու առողջության վրա տակավին հստակ չեն։