Հաագայում գործող նոր կառույցը, որը հայտնի է որպես «Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության հետաքննության կենտրոն» անվամբ, ապացույցներ է հավաքելու Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի ղեկավարության որոշման վերաբերյալ:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինն ասել է, որ կենտրոնի ստեղծումը կարևոր քայլ է արդարադատության հաստատման ճանապարհին։
«Այսօր հավաքվել ենք այստեղ, իրոք, պատմական առիթով, երբ քաղաքակիրթ աշխարհը ոչ միայն բարձրաձայնում է, այլև կոնկրետ գործողություններով ցույց է տալիս, որ ամենակարևորը պատասխանատվությունն է»,- հայտարարել է նա։
Ռուսաստանի դեմ քրեական գործերը կհեղինակեն Ուկրաինայի, Եվրամիության և ԱՄՆ դատախազները։
Կենտրոնը կաշխատի Միջազգային քրեական դատարանի հետ միասին, որն արդեն իսկ քննում է ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները, բայց ոչ ագրեսիայի հանցագործությունը:
Արդարադատության միջազգային փորձագետ Ֆիլիպ Սանդսն ասում է. «Ագրեսիան՝ անօրինական պատերազմ վարելու որոշումը, դուրս է Միջազգային քրեական դատարանի իրավասությունից»:
Ագրեսիայի հանցագործության պատմությունը սկիզբ է առնում Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցած Նյուրնբերգյան դատավարությունից և նացիստական առաջնորդների նկատմամբ իրականացված հետապնդումից: Այնուհետև այն կոչվեց «հանցագործություն խաղաղության դեմ»։
Ներկայում, նման գործ քննելու իրավասություն ունեցող դատարան գոյություն չունի: Բայց անչափ կարևոր է` ովքեր սկսել են ներխուժումը Ուկրաինա, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, քրեական պատասխանատվության կենթարկվեն ագրեսիայի հանցագործության համար` ասում է Սանդսը:
«Ինչո՞ւ, քանզի այն միակ հանցագործությունն է, որն անմիջապես կապ ունի իշխանությունների հետ: Եվ դա այն հանցագործությունն է, որը ծնում է բոլոր մյուսները. եթե պատերազմ չլիներ, չէինք խոսի ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մասին»,- շարունակում է նա։
Արդարադատության միջազգային փորձագետի կարծիքով, Ռուսաստանի դաշնակիցները, հավանաբար, դեմ կլինեն միջազգային տրիբունալի ստեղծմանը, մինչդեռ այն կարող է ներկա քաղաքական ճգնաժամից դուրս գալու ճանապարհ լինել։
Կիևի ներկայացմամբ, փաստագրված է ավելի քան 400 հազար հանցագործություն՝ կապված Ռուսաստանի ներխուժման հետ, ներառյալ` սեռական բռնության խոշտանգման, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների բռնի տեղահանման հատկանիշներով։
Ուկրաինան հույս ունի պատերազմ սկսելու մեղադրանքներ ներկայացնել Ռուսաստանի ղեկավարներին։ Մոսկվան հերքում է իրեն վերագրվող հանցագործությունները։