Ֆրանսիայում անկարգությունները չեն մարում՝ ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո 

Շուրջ մեկ շաբաթ է Փարիզում զանգվածային անկարգություններ են։ Ոստիկանները գնդակահարել են հյուսիսաֆրիկյան ծագմամբ դեռահասի։ Գործով անցնող սպան ասել է, թե մտավախություն ուներ, որ դեռահասը ինչ-որ մեկին կհարվածի իր մեքենայով, սակայն բողոքավորների խոսքով՝ տղային սպանել են ազգային պատկանելիության պատճառով: 

Փարիզի արվարձաններից մեկի ղեկավարը հայտարարել է, որ իր տան նկատմամբ տեղի ունեցած հարձակման պատճառով վիրավորվել են կինն ու երեխաներից մեկը: «Associated Press» լրատվական գործակայությն համաձայն, ֆրանսիական ոստիկանությունը մինչև կիրակի առավոտ ավելի քան 700 ձերբակալություն է իրականացրել՝ կապված չդադարող բողոքի ալիքի հետ:

Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ ու ձերբակալություններ սկսվեցին, երբ անցած շաբաթ Փարիզի Նանտեր արվարձանում ոստիկանները գնդակահարեցին մի դեռահասի: Սպանվածը ծագումով ալժիրցի էր, և բողոքավորների խոսքով՝ նա սպանվել է իր էթնիկ պատկանելիության համար։

Այս ամենը վերստին սեղանին դրեց հարցը, թե Ֆրանսիայում ոստիկանները խտրական վերաբերմունք են ցուցաբերում տարբեր էթնիկ խմբերի նկատմամբ:

Your browser doesn’t support HTML5

Ֆրանսիայում անկարգությունները չեն մարում՝ ոստիկանների կողմից դեռահասի սպանությունից հետո

Ռասիզմի դեմ հանդես եկող ակտիվիստ Թրեյսի Լաջին «Associated Press»-ի հետ զրույցում ասում է. «Նման բան է կատարվում, երբ ֆրանսիացի ես, բայց օտար արմատներով: Մենք ֆրանսիացի չենք համարվում, և նրանք նայում են միայն մեր մաշկի գույնին և թե որտեղից ենք ծագումով, նույնիսկ եթե ծնվել ենք Ֆրանսիայում… ։ Չի կարելի պարզապես սպանել մեկին առանց պատճառի… ։ Սա պետք է դադարեցվի»:

Դեռահասի մահվանից հետո բողոքի ալիքը սկսեց արագորեն տարածվել Ֆրանսիայում։ Բողոքավորները կրում էին «Արդարություն Նահելի համար» գրությամբ պաստառներ։

Մահացու կրակոց արձակած սպան մեղադրվում է միտումնավոր սպանության մեջ և կալանավորված է։

Իշխանություններն արձագանքել են անկարգություններին` փողոց դուրս բերելով տասնյակ հազարավոր ոստիկանների և անվտանգության աշխատակիցների: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բազմաթիվ ոստիկաններ հարձակման են ենթարկվել, հազարավոր մարդիկ ձերբակալվել են,

ավելի քան 1 300 ավտոմեքենա է հրկզիվել, հարյուրավոր հրդեհներ են գրանցվել շենքերում:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն անդրադարձել է, թե սոցիալական ցանցերը ինչ ազդեցություն ունեն բողոքի ակցիաներում․ «Առցանց հարթակներն ու սոցիալական ցանցերը զգալի դեր են խաղում վերջին օրերի տեղի ունեցած իրադարձություններում։ «Snapchat»-ի, «TikTok»-ի և մի քանի այլ կայքերի միջոցով էին կազմակերպվում հավաքները: Այս ամենը երիտասարդների շրջանում առաջացնում է «փախուստ իրականությունից»»։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հայտարարություն է տարածել․ «Պահն է, որպեսզի [Ֆրանսիան] լրջորեն զբաղվի իրավապահ մարմիններում առկա ռասիզմի և խտրականության խորը խնդիրներով»:

Առայժմ անորոշ է՝ նման քանակի բռնության դեպքերից և ձերբակալություններից հետո ինչ է սպասվում Ֆրանսիային: