Շուտով կլրանա 44-օրյա պատերազմի երրորդ տարին, սակայն, պարզվում է, հայաստանյան բանկերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված, տներ, ունեցվածք, եկամուտ կորցրած մարդկանցից շարունակում են պահանջել մարել բնակարանի կառուցման կամ ձեռքբերման համար ստացած վարկերը` բնականաբար, տոկոսագումարով։
«Մոտեցա «ՎՏԲ» բանկ, ձեռագիր դիմումը գրեցի բացատրեցի, որ ո՛չ աշխատանք ունեմ, ո՛չ այլ եկամուտ ունեմ, խնդրում եմ՝ միջնորդեք կամ դադարեցրեք մի որոշ ժամանակով՝ մինչև հասկանանք ոնց ա կատարվում, կամ մի բան արեք՝ էդ վարկի հետ կապված, որովհետև էդ վարկը ես վերցրել եմ տուն կառուցելու պատճառով և տունս կորցրել եմ։ Ես հիմա հնարավորություն չունեմ էդ վարկը մարելու։ Ինձ պատասխանեցին, որ դա հնարավոր բան չի»,- ասում է Կոլյա Շահգելդյանը։
36-ամյա Կոլյա Շահգելդյանը Լեռնային Ղարաբաղից Քարվաճառ բնակավայրերից էր։ 44-օրյա պատերազմից հետո` հարկադրված թողեց կառուցվող տունը։ Աշնանը կբոլորի երրորդ տարին, ինչ վարձով բնակվում է Արտաշատում։
3․1 միլիոն դրամ կազմող վարկը վերցրել է ՎՏԲ-Հայաստան բանկից։ Պատմում է, որ սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո միայն Արցախի ներդրումային հիմնադրամը մարել է իր վարկը, թեև պարտավոր էր այդ անել։ Սակայն ոչ ամբողջն է մարել։
«Երկու հարյուր քանի հազար դրամ ես իմ գրպանից եմ հանել-մարել։ Մի հետաքրքիր փաստ էլ էդ բանում․․․ որոշման ժամանակ, երբ որ որոշումը հրապարակել էին, [Լեռնային Ղարաբաղի] կառավարությունը ասում էր՝ էդ վարկաերը, վարկառուները, ովքեր որ պատերազմից առաջ են, նրանք տույժ ու տուգանքների չեն ենթարկվելու, «սև ցուցակ» չեն ընկնելու, եթե շահառու են հանդիսանում ու [Արցախի ներդրումային] հիմնադրամը պիտի մարի։ Բայց փաստացի՝ բոլորը տույժ ու տուգանքների էլ են ենթարկվել։ Այսինքն, էն ավելորդ գումարները, որոնք որ հիմնադրամը չի մուծել, իրանք բացատրեցին, որ էդ երկու հարյուր հազարը, որը որ դու պետք է մուծես, դա տույժ ու տուգանքն ա։ Պլյուս դրան՝ բոլորը, ովքեր հիմնադրամի հույսով մուծում չեն կատարել, բոլորը ընկել են «սև ցուցակ»»,- նշում է Կոլյա Շահգելդյանը։
Your browser doesn’t support HTML5
Շահգելդյանենց ընտանիքի պատմությունը յուրահատուկ է, որովհետև եթե Արցախի ներդրումային հիմնադրամը մարել է իր վարկը, սակայն ցայսօր հրաժարվում է նույնը անել եղբոր պարագայում։ Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստանը դիմել է դատարան՝ պահանջելով բռնագանձել Կարեն Շահգելդյանի ունեցվածքը։
«Մենք դիմում ենք ներկայացրել հիմնադրամին նույն օրը․․․ երկուսս էլ միաժամանակ դիմում ենք գրել, ուղարկել ենք հիմնադրամին։ Երկուսիս էլ միաժամանակ պատասխան ա եկել, որ մենք շահառու ենք հանդիսանում, բայց չգիտես ինչու՝ իմ վարկը մարվավ, եղբորինս՝ չէ»,- ասում է Կոլյա Շահգելդյանը։
ՎՏԲ-Հայաստան բանկը փաստացի ռուսական պետական ՎՏԲ բանկի տեղի մասնաճյուղն է, որը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների ներքո անցած տարի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով։ Դիմեցինք բանկ՝ մեկնաբանություն ստանալու համար, սակայն այնտեղ որոշեցին չարաձագանքել։
Անարձագանք մնաց նաև Արցախի ներդրումային հիմնադրամ մեր դիմումը։
Շահգելդյանի ներկայացմամբ, որևէ բանկի «սև ցուցակում» լինելը նաև անհաղթահարելի խնդիր է ստեղծել Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող և Լեռնային Ղարաբաղում իրենց տները կորցրած մարդկանց առջև՝ Հայաստանում նոր տուն գնելու կամ կառուցելու հավաստագրերը (սերտիֆիկատները) ստանալու համար։ Այդ հավաստագիրը պետք է ներկայացնել բանկ՝ գումար ստանալու։ Մինչդեռ, բանկերը չեն սպասարկում «սև ցուցակում» գտնվողներին։
Կոլյա Շահգելդյանը մանրամասնեց․ «Վարկը չմարելու պատճառով՝ էդ բնակարանի բանը, հա․․․ սերտիֆիկատները, որը որ մենք ստացել ենք, էդ վարկը չմարելու պատճառով՝ էդ սերտիֆիկատը հնարավոր չէ օգտագործել, որովհետև ցանկացած բանկ, երբ որ փորձում ենք սերտիֆիկատով գործարք անել, մեզ պատասխանում ա, որ դուք ունեք գործող վարկ, եթե ուզում եք սերտիֆիկատով գործարք անեք, դուք պետք է էդ գործող վարկը մարեք՝ չունենաք ոչ մի վարկ, որ նոր մենք կարողանանք գործարք անենք։ Ու նման խնդրի շատ ու շատ ընտանիքներ են․․․ կանգնած նման խնդրի առաջ»։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանի փոխանցմամբ, «սև ցուցակում» հայտնված մարդկանց հարցը ներկայում կառավարության ուշադրության կենտրոնում է և մշակվում են աջակցության մեխանիզմներ։ Օրինակ, կառավարությունում մտածում են աշխատանքով ապահովել այդպիսի վարկառուներին, որպեսզի նրանք կարողանան մարել իրենց վարկը։
«Այն մարդիկ, ովքեր ունեն անհուսալի վարկեր, այսպես ասած, ժողովրդի լեզվով ասած, «սև ցուցակում» են գտնվում, իրենք իրենց անվամբ հիփոթեքային գործարք չեն կարող կատարել։ Բայց սա չի բացառում, որ այդ նույն ընտանիքի սերտիֆիկատի կազմում գտնվող որևէ չափահաս անդամ, ով ունի բարվոք վարկային պատմություն, չի կարող գործարքը իրականացնել»,- նշում է Դավիթ Խաչատրյանը։
Նախարարության տվյալներով, 44-օրյա պատերազմից հետո՝ նախորդ երկու տարիներին, Հայաստանի կառավարությունը 140 միլիարդ դրամի (360 միլիոն դոլար) աջակցություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին։
Ադրբեջանի հետ նախորդ պատերազմի հետևանքով ներկայում Հայաստանում բնակվող Լեռնային Ղարաբաղից փախստականների թիվը, ըստ կառավարության, շուրջ 20 հազար է։ Շուտով կլրանա պատերազմի ավարտի երրորդ տարին, սակայն հազարավոր քաղաքացիներ, ում գրպանում Հայաստանի անձնագիրն է, շարունակում են բախվել հիմնարար խնդիրների՝ տան ձռեքբերման, աշխատանքի, առողջապահական կամ կրթական։