Հանրապետականները պնդում են՝ Բայդենի որդու գործով արդարադատության համակարգը գործում է կրկնակի ստանդարտներով 

Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, այս շաբաթ մեղավոր ճանաչվեց քրեական երկու մեղադրանքներով։ Հանրապետականները հայտարարում են՝ չեն դադարեցնի նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ հետաքննությունը։ Այնինչ, ըստ դեմոկրատների, հնչեցված մտահոգությունները համեմատելի չեն Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքների հետ

Միացյալ Նահանգների նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, համաձայնության է եկել ԱՄՆ դաշնային դատախազների հետ՝ իր դեմ նեևրկայացված մեղադրանքների շուրջ, որոնցից մեկը վերաբերում է հարկերից խուսափելուն:

Կոնգրեսի հանրապետական անդամները քննադատել են Արդարադատության նախարարության որոշումը՝ համաձայնության գնալ նախագահի որդու հետ:

Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին ՄըքՔարթին հայտարարել է. «Եթե դուք նախագահի թիվ մեկ քաղաքական հակառակորդն եք, ձեզ բառացիորեն փորձում են բանտ նստեցնել և ազատազրկել: Մինչդեռ, եթե նախագահի տղան եք, լավ գործարք եք ստանում»:

Դեմոկրատները հակադարձում են, թե տեղի ունեցածը ԱՄՆ արդարադատության համակարգի օրինակելի աշխատանքն է: Ներկայաղցուցիչներրի տան դեմոկրատ անդամ Ջեյմի Ռասկինի խոսքով, նման համաձայնությունները որևէ ընդհանուր բան չունեն կոռուպցիոն ռիսկերի հետ, որոնց կարող է առնչվել երկրի նախագահը։։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանում քաղաքական պատմություն դասավանդող Մեթ Դալեքի ներկայացմամբ, տեղի ունեցածը աննախադեպ է ԱՄՆ նախագահների պատմության ընթացքում:

Այդուհանդերձ, ըստ հանրապետականների, գործարքը խոչընդոտ չէ, որպեսզի Բայդենի ընտանիքի ֆինանսների վերաբերյալ ավելի լայն հետաքննություն իրականացվի:

Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Ջեյմս Քոմերն ասում է․ «Սա հետաքննություն է Ջո Բայդենի նկատմամբ։ Նախագահի որդին ներգրավված է հետաքննության մեջ: Կարծում ենք, որ կան լուրջ ապացույցներ՝ փողերի լվացման, մետաղալարերի հետ կապված խարդախության, ռեկետի, չգրանցված օտարերկրյա գործակալ լինելու մասին»:

ԱՄՆ արդարադատության համակարգում երկակի ստանդարտների վերաբերյալ մտահոգությունները դարձել են 2024 թվականի նախագահական քարոզարշավի կարևոր թեմաներից մեկը:

Հանրապետականների նախագահի թեկնածու Ռոն ԴեՍանտիսը, մասնավորապես, հայտարարել է․ «Կարծում եմ, որ այս երկրում արդարադատության մեկ չափանիշ պետք է լինի: Եկեք այն պարտադրենք բոլորին և համոզվենք, որ բոլորս գիտենք կանոնները: Չի կարելի հասարակության մեջ անհավասարություն թույլ տալ»։

Մյուս կողմից, հանրապետական օրենսդիրները չորեքշաբթի հայտարարեցին, թե Արդարադատության նախարարության նախաձեռնած հետաքննությունը Թրամփի նկատմամբ քաղաքական դրդապատճառներ ունի:

Դեմոկրատները հակադարձում են՝ մեղադրանքները, թե նախկին նախագահին առնչվող հետաքննությունը քաղաքական ենթատեքստ ունի, թույլ չեն տալիս լրջորեն քննել Դոնալդ Թրամփի դեմ ներկայացված ու լրտեսությանը և կոռուպցիային վերաբերող մեղադրանքները:

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում Մեթ Դալեքը կարծիք է հայտնել, որ մեղադրանքները կարծես մոտիվացնում են Թրամփի կողմնակիցներին․ «Թրամփը շատ արդյունավետ է եղել՝ իր հակառակորդներին կամ քննադատներին օգտագործելու, կամ, անկեղծ ասած, իրավական համակարգը օգտագործելու առումով: Եվ հանրապետականները կրկին շեշտը դնում են դրա վրա»:

Սպասվում է, որ Ներկայացուցիչների տան հանրապետական անդամներ Մեյջորի Թեյլոր Գրինը և Լորեն Բոբերտը նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթի ենթարկելու բանաձև կներկայացնեն այս շաբաթ, բայց քիչ հավանական է դիտվում, որ այն բավարար թվով ձայներ կհավաքի: