Պեկինը քաղաքական սադրանք է համարում Չինաստանի առաջնորդին «բռնապետ» անվանելու Բայդենի հայտարարությունը 

ԱՄՆ-ն հետ չի կանգնում նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից, որը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նմանեցրել էր բռնապետի։ 

ԱՄՆ պետքարտուղարի պեկինյան այցից ընդամենը մեկ օր անց հնչած Բայդենի խոսքերն արժանացան Չինաստանի սուր քննադատությանը: Հիշեցնենք, Էնթոնի Բլինքենը Պեկին էր մեկնել՝ կարգավորելու երկկողմ հարաբերությւոնները։

ԱՄՆ պետքարտուղարությունը զարմանալի չի համարել նախագահ Ջո Բայդենի մեկնաբանությունները՝ Չինաստանի առաջնորդի բռնապետ լինելու մասին: Միացյալ Նահագների արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելն ասել է․ «Չենք վարանի նշել անել այն ոլորտները, ուր խնդիրներ ենք տեսնում: Եվ, իհարկե, այդ ոլորտներից մեկը, որի մասին նախագահը և պետքարտուղարը հստակորեն արտահայտվել են, ժողովրդավարությունն է»:

2024 թվականի նախագահական քարոզարշավի համար անցկացվող դրամահավաքի միջոցառումներից մեկի ժամնանակ Բայդենն ասել է, թե Ծինփինը տեղյակ չի եղել չինական օդապարկում առկա լրտեսական սարքերի մասին։ Օդապարիկը թռչում էր ամերիկյան օդային տարածքով և այս փետրվարին խոցվեց ամերիկյան զինուժի կողմից։

«Մեծ ամոթ է բռնապետների համար, երբ նրանք չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել էր Բայդենը:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինգը արձագանքել էր. «ԱՄՆ [նախագահի] հայտարարությունները չափազանց անհեթեթ ու անպատասխանատու են, հակասում են փաստերին, լրջորեն խախտում են դիվանագիտական էթիկան և ոտնահարում Չինաստանի արժանապատվությունը։ Բացահայտ քաղաքական սադրանք է»։

Բայդենի հայտարարությունը հնչեց ընդամենը մեկ օր անց, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ավարտեց իր պեկինյան այցը՝ նպատակ ունենալով վերականգնել երկկողմ հարաբերությունները, որոնք օդապարիկի միջադեպից հետո, թերևս, ամենացածր կետին են:

Այդ առումով պետքարտուղարի այցելությունն չհանգեցրեց նկատելի առաջընթացի, սակայն Չինաստանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կայունացնել երկկողմ հարաբերությունները՝ հակամարտության մեջ չհայտնվելու նպատակով: