ԱՄՆ-Չինաստանի բանակցություններում Բլինքենը կարևորում է «ուղղակի ներգրավվածությունը» 

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի պեկինյան հանդիպումը երկու երկրները առաջընթաց են համարում։ Հանդիպումը Թայվանի շուրջ խնդիրների և Կրեմլի հետ Պեկինի կապերի ֆոնին էր։ 

Չինաստանի և ԱՄՆ պաշտոնատար անձանց ներկայացմամբ, երկու երկրներն առաջընթաց են գրանցել պետքարտուղար Բլինքենի պեկինյան հանդիպումների արդյունքում։

Բլինքենն առաջին այցը Չինաստան՝ Թայվանի շուրջ առկա խնդիրների, Կրեմլի հետ Պեկինի կապերի և Չինաստանի նախաձեռնած ռազմական վարժանքների ֆոնին էր, որոնք լարվածություն էին առաջացրել ամերիկա-չինական հարաբերություններում։

ԱՄՆ պետքարտուղարի պեկինյան այցը ամենաբարձրն էր նախորդ տարիների ընթացքում: Չինաստանի մայրաքաղաքում կայացած հանդիպումները Բլինքենն որակել է շատ անկեղծ, շատ խորը և տեղ-տեղ՝ կառուցողական։

Թեև երկու կողմերն էլ համաձայնեցին հաղորդակցության կայուն ուղիների անհրաժեշտության շուրջ, սակայն պետքարտուղարը Վաշինգտոն է վերադառնում առանց այդ հարցւ վերաբերյալ համաձայնության:

«Այս պահին Չինաստանը չի համաձայնվել այդ ուղղությամբ առաջ շարժվել»,- հայտարարել է Բլինքենը։

Վաշինգտոնի ներկայկացմամբ, ռազմական երկկողմ կապուղիները պետք է գործեն հատկապես ճգնաժամի դեպքում:

Այս ամսվա սկզբին Թայվանի նեղուցում չինական ականակիր նավը ընդմենը 140 մետր հեռավորությամբ անցավ ամերիկյան ռազմանավի մոտով՝ ստիպելով վերջինիս դանդաղեցնել ընթացքը՝ վթարից խուսափելու համար:

Մեկ շաբաթ առաջ Հարավչինական ծովում չինական օդուժի կործանիչը մոտ տարածությամբ անցավ ամերիկյան հետախուզական ինքնաթիռի մոտով:

Երկու երկրների միջև լարվածությունն աճել է Թայվանի խնդրի պատճառով: Չինաստանը հայտարարել է, որ նպատակ ունի իր վերահսկողությունը հաստատել ժողովրդավարական կարգեր ունեցող կղզու նկատմամբ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով ռազմական ուժի:

«Հավանական է, որ այն կհանգեցնի տնտեսական ճգնաժամի, ինչն էլ կազդի ողջ աշխարհի վրա»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Թայվանի նեղուցով է անցնում կոնտեյներներով իրականացվող ծովային առևտրի 50%-ը։ Աշխարհում կիսահաղորդիչների 70%-ն արտադրվում է կղզում:

Չին-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Բլինքենն ասել է, որ Չինաստանի ղեկավարները բազմիցս հավաստիացրել են ԱՄՆ-ին, որ Պեկինը Ռուսաստանին չի տրամադրի սպառազինություն, որը կարող է օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում:

«Մենք շարունակ մտահոգություններ ունենք, որ չինական ընկերություններ կարող են տրամադրել տեխնոլոգիաներ, որոնք Ռուսաստանը կարող է օգտագործել Ուկրաինայում՝ իր ագրեսիվ նպատակների համար: Մենք խնդրել ենք Չինաստանի կառավարությանը շատ զգոն լինել այդ հարցում»,- ընդգծել է Բլինքենը։

Վերլուծաբանները կարծիով, Պեկինը օգտագործում է ռուսաստըանյան ուղղությունը միջազգային հանրության արձագանքը ստուգելու նպատակով:

«Ակնհայտորեն փորձում են՝ հասկանալու, թե ինչ կարող են անել Ռուսաստանին և Ուկրաինային օգնելու հարցում: Կարծում եմ, չինական շարժառիթն այն է, որ նրանք ցանկանում են պահպանել մուտքը դեպի եվրոպական շուկաներ՝ միաժամանակ հնարավորինս օգնելով [ստեղծված իրավիճակից]»,- կարծում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բրեդլի Բոումենը։

ԱՄՆ-չինական հարաբերություններն անկում ապրեցին, երբ այս տարվա սկզբին ամերիկյան ուժերը խոցեցին ԱՄՆ օդային տարածքով թռիչք իրականացնող չինական լրտեսական օդապարիկը: Բլինքենի այցը Պեկին ի սկզբանե նախատեսված էր այս փետրվարին, սակայն այդ միջադեպի պատճառով հետաձգվեց:

Ազդեցիկ երկրների ղեկավարները կարծես գոհ են Սի Ծինփին-Էնթոնի Բլինքեն բանակցություններից։ Օրինակ, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ողջունել է հանդիպումը՝ այն բնութագրելով որպես Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման նշան: