ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ՝ Բայդենը կոչ է արել դաշինքի անդամներին ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը

Բայդենը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը։ Հայտարարությունը հնչել է ալյանսի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը։ 31 անդամ ունեցող ալյանսը գրեթե տասը տարի գլխավորող Յենս Ստոլտենբերգը թողնելու է պաշտոնը այս սեպտեմբերին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը՝ երեքշաբթի նախագահ Ջո Բայդենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցել Ուկրաինային՝ դիմագրավելու ռուսական ագրեսիան, և Լիտվայի մայրաքաղաքում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հայտարարելով Կիևին հատկացվելիք լրացուցիչ 325 միլիոն դոլար ռազմական օգնության մասին:

Բայդենը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի գործունեությունը, սակայն կոչ է արել դաշինքի անդամ-պետություններին ի կատար ածել դեռ 2014 թվականի հանձնառությունը՝ պաշտպանությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը:

«Մենք ամրապնդել ենք ՆԱՏՕ-ի արևելյան թևը։ Հասկացրել, որ պաշտպանելու ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզ: Կրկնում եմ՝ Միացյալ Նահանգները հավատարիմ է ՆԱՏՕ-ի հինգերորդ հոդվածին: Հաջորդ ամիս Լիտվայում կայանալիք գագաթնաժողովին պատրաստվում ենք առաջ տանել այս գիծը և աշխատել, որպեսզի դաշնակիցները բավականաչափ գումար հատկացնեն պաշտպանությանը՝ 2%։ Եվ այդ թիվը ոչ թե առաստաղն է, այլ նվազագույն շեմը»:

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Բայդենը հորդորել է ՆԱՏՕ-ի անդամ-երկրներին պաշտպանությանը հատկացնել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը

Իր հերթին՝ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հուլիսյան գագաթնաժողովը կենտրոնանալու է, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է ընդլայնել իր աջակցությունն Ուկրաինային, որը կարողացել է դիմագրավել ռուսական ագրեսիան ու վերջերս անցնել հակահարձակման:

«Այն աջակցությունը, որը մենք միասին տրամադրում ենք Ուկրաինային, այժմ՝ քանի դեռ մենք [այստեղ] խոսում ենք, փոփոխություն է մտցնում ռազմի դաշտում, քանի որ հարձակումը մեկնարկել է, և ուկրաինացիներն առաջխաղացում ունեն: Դեռ սկզբանական փուլում ենք, բայց որքան շատ ուկրաինացիները կարողանան ազատագրել [իրենց հողերը], այնքան ավելի ամուր կլինեն բանակցությունների սեղանի շուրջ»:

Սա այն է, ինչ այսօր Ուկրաինան ամենաշատն է ցանկանում։

«Կարծում եմ, շատ կարևոր է․․․ մեր ապագան Եվրամիությունում է, և Ուկրաինան պատրաստ է լինել ՆԱՏՕ-ի անդամ»:

Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այն քիչ հավանական է։

«Հարցը փակված չէ։ ՆԱՏՕ-ում մեծ է խանդավառությունը Ուկրաինային զորեղ աջակցություն ցուցաբերելու և ապագայում, հնարավոր է, դաշինքի կազմում տեսնելու հարցում: Սակայն դեռ շատ աշխատանք կա անելու, մինչ այն իրատեսական հեռանկար կդառնա»,- ասում է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Մայքլ Քիմաժը:

Վաշինգտոնում Ստոլտենբերգը նաև այլ հանդիպումներ ունեցավ։ Սենատի փոքրամասնության ղեկավար Միթչ ՄըքՔոնելը երեքշաբթի հայտարարեց, որ Ստոլտենբերգն իրեն փոխանցել է, թե ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող Ճապոնիան ու Հարավային Կորեան հրավիրված են ալյանսի գագաթնաժողովին: ՄըքՔոնելի խոսքով, Ստոլտենբերգն ակնկալում է, որ Շվեդիան պաշտոնապես կմիանա դաշինքին հուլիսյան գագաթնաժողովի ընթացքում։

Շվեդիայի անդամակցությունը ձգձգվում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի առարկությունների պատճառով։ Հայտնի է, որ Անկարան Ստոկհոլմին մեղադրում է Թուրքիայի ներկայացմամբ ծայարհեղական քաղաքական ուժերի գործունեությունը Շվեդիայում դադարեցնելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու մեջ։

«Թուրքիան հնարավորություն ունի ճնշում բանեցնել Շվեդիայի նկատմամբ, քանզի Ստոկհոլմը շատ կցանկանար անդամակցել ՆԱՏՕ-ին։ Կարծում եմ, որ Թուրքիայի համար սա նաև մի փոքր խաղ է՝ զիջումներ կորզել ԱՄՆ-ից, հավանաբար ՆԱՏՕ-ի այլ անդամներից, որպեսզի, այսպես ասենք, քաղցրացնեն գործարքը և դրդեն Թուրքիային իր համաձայնությունը տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»,- ասում է Քիմաժը:

Դիտորդների խոսքով, թե որքանով կհաջողվի պահպանել միասնությունը կազմակերպությունում, շատ բան կախված կլինի նոր գլխավոր քարտուղարից, իսկ այս հարցում Վաշինգտոնն ու Ստոլտենբերգը լուռ են: