Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի Սպիտակ տանը կհյուրընկալի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, ով այս սեպտեմբերի վերջին թողնում է պաշտոնը։ Հանդիպումը տեղի կունենա արևմտյան ռազմական դաշինքի ղեկավարի աթոռի համար սրվող մրցակցության ֆոնին։
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ն գլխավորում է 2014 թվականից։ Նրա պաշտոնավարումը երեք անգամ երկարաձգվել է։ Տարեսկզբին Ստոլտենբերգը հայտարարեց էր, որ պաշտոնից կհեռանա սեպտեմբերի վերջին, երբ կլրանա իր լիազորությունների ժամկետը։
Այս ամենի ֆոնին՝ հաջորդ ամիս Լիտվայի մայրաքաղաքում 31-անդամ ունեցող ալյանսի տարեկան գագաթնաժողովն է։
Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բայդենին ուղղակիորեն խնդրել էր աջակցել Միացյալ Թագավրության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի թեկնածությանը։ Սպիտակ տան ղեկավարը հյուրընկալել է նաև մեկ այլ հավանական թեկնածուի՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին։
Your browser doesn’t support HTML5
Սունակի հետ մամուլի ասուլիսում Բայդենը Ուոլեսին անվանեց «շատ որակավորված», սակայն նշել էր, որ ՆԱՏՕ-ի առաջնորդների միջև բանակցությունները շարունակվում են՝ Ստոլտենբերգին փոխարինող գտնելու ուղղությամբ։ Հասկանալի է, ԱՄՆ նախագահի կարծիքը հսկայական կշիռ ունի ալյանսում, քանզի Վաշինգտոնն ավելի շատ է ծախսում պաշտպանության վրա, քան դաշինքի որևէ անդամ:
Տիկին Ֆրեդերիկսենը հրաժարվել է հստակեցնել՝ արդյո՞ք Բայդենի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի հարցը՝ լրագրողներին սոսկ փոխանցելով, թե չի ցանկանում «առաջ անցնել ենթադրություններում»:
Ի դեպ, երբևէ դաշինքը կին ղեկավար չի ունեցել։
Սպասվում է, որ առաջիկա հանդիպմանը Բայդենն ու Ստոլտենբերգը կքննարկեն նաև Ռուսաստանի շարունակվող ագրեսիան Ուկրաինայի դեմ և համատեղ ջանքերը՝ ինչպես հասնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում ալյանսի անդամ Թուրքիայի առարկության վերացմանը։
Ավելի վաղ Ստոլտենբերգն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հույս էին հայտնել, որ Շվեդիան կանդամակցի ՆԱՏՕ-ին մինչև հուլիսի 11-12-ը Լիտվայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովը։