«Տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանը Իրանից համապատասխան նյութեր է ստանում, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանում անօդաչուների արտադրության գործարան կառուցելու համար»,- հինգշաբթի «Ամերիկայի Ձայն»-ին փոխանցել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին՝ հավելելով. «Այդ գործարանը կարող է շահագործման հանձնվել հաջորդ տարվա սկզբին»:
Սպիտակ տունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, ուր պատկերված է Ռուսաստանի Ալաբուգայի հատուկ տնտեսական գոտու այն վայրը, որտեղ նախատեսվում է կառուցել գործարանը:
Քիրբիի խոսքով, ներկայում Իրանում պատրաստվող անօդաչուները Ամիրաբադից Կասպից ծովով ուղարկվում են Մախաչկալա (Ռուսաստան), և ռուսական ուժերը կիրառում են դրանք Ուկրաինայի դեմ։
Բայդենի վարչակազմը ուրբաթ հրապարակում է նոր ուղեցույց, որը կոչված է օգնելու գործարար շրջանակներին և այլ երկրների կառավարություններին՝ «ավելի լավ հասկանալ Իրանի անօդաչուների ծրագրից բխող ռիսկերը և [Թեհրանի] ապօրինի գործելակերպը, որի միջոցով Իրանը ձեռք է բերում անօդաչուների բաղադրիչներ»:
Your browser doesn’t support HTML5
«Սա կօգնի կառավարություններին և մասնավոր հատվածին միջոցներ ձեռնարկել՝ վստահ լինելու, որ նրանք ակամա չեն նպաստում իրանական անօդաչուների ծրագրին»,- հավելել է Քիրբին:
Նախորդ շաբաթներին Ռուսաստանն ավելի շատ է անօդաչուներ կիրառում ուկրաինական բնակավայրերն ու ռազմական թիրախները խոցելու համար: Այդ սարքերը «դժվար թիրախ են, քանի որ Ուկրաինան ունի հակաօդային պաշտպանության սահմանափակ ռեսուրսներ»,- ուրբաթ «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի խոսնակ Յուրի Իհնաթը՝ շարունակելով, թե իրանական անօդաչուները դժվար է հայտնաբերել․ դրանք դանդաղ են թռչում ու դուրս են մնում տեղորոշիչ կայաններից:
Իհնաթը նշել է, որ Մոսկվան տարբեր ուղղություններով է ձեռնարկում անօդաչուներով գրոհները, այնինչ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունն այսօր կենտրոնացած է խոշոր քաղաքների, օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության շուրջ:
Իրանական անօդաչուների վերաբերյալ Սպիտակ տան այս հրապարակումը՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ հետախուզական տվյալների բացահայտման ռազմավարության մասն է, որը նպատակ ունի մեկուսացնել Մոսկվային և նրա դաշնակիցներին:
Այս ամենն բարդացնում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ 2015 թվականին կնքված համաձայնագրի վերակենդանացումը: Փաստաթղթի դրույթներից շատերն արդեն հնացել էին, երբ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսին դադարեցրեց ԱՄՆ մասնակցությունը համաձայնագրին և վերահաստատեց պատժամիջոցները։ Այն դրդեց Իրանին խախտել իր պարտավորությունները և 2019 թվականի հուլիսին վերսկսել ուրանի հարստացումը:
Այդուհանդերձ, քանի որ համաձայնագիրը պաշտոնապես չեղարկված չէ մյուս մասնակիցների՝ Իրանի, Եվրամիության, Ռուսաստանի ու Չինաստանի կողմից, իրավական տեսանկյունից նրա դրույթները կարևոր են:
Ըստ համաձայնագրի, 2023 թվականի հոկտեմբերից դադարելու է գործել 300 կիլոմետր և ավելի հեռահարություն ունեցող իրանական հրթիռների ու անօդաչուների տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման արգելքը: Այսինքն, մի քանի ամսից իրանական հրթիռների ու անօդաչուների առևտուրը կարող է իրականացվել օրինական ճապարհով։
«ԱՄՆ-ն և գործընկերները ցանկանում են ողջ աշխարհի գործարարներին զգուշացնել անօդաչուների գծով Իրան-Ռուսաստան համագործակցության և ուկրաինական պատերազմում այդ անօդաչուների վտանգավոր դերակատարության մասին»,- ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի Իրանի ծրագրի տնօրեն Ալեքս Վատանկան: Նպատակը՝ անօդաչուների արտադրությունը խափանելն է, որովհետև դրանց ստեղծման համար անհրաժեշտ են բաղադրիչներ արտերկրից։
«ԱՄՆ-ն ակնհայտորեն ցանկանում է նախազգուշացնել գործարար շրջանակներին և մատնացույց այն ռիսկերը, որոնք առնչվում են գործարար համբավին», - նշել է վերլուծաբանը:
Վատանկան թերահավատ է, որ Վաշինգտոնին կհաջողվի խափանել իրանական անօդաչուների արտադրության ընդլայնումը, կամ որ Արևմուտքի քաղաքական ճնշումը կստիպի Իրանի առաջնորդներին վերանայել իրենց ռազմական համագործակցությունը Մոսկվայի հետ:
«Թեհրանը որոշել է խաղադրույք կատարել Ռուսաստանի վրա»,- կարծում է նա: «Հաշվարկը պարզ է ու ցինիկ. աջակցելով Ռուսաստանին Ուկրաինայում՝ Իրանը կարող է հուսալ, որ Մոսկվան կաջակցի Իրանին ԱՄՆ-ի հետ հակամարտությունում»:
Իրանական անօդաչուների՝ գլխավորապես «Շահեդ-136»-ի մատակարարումները Մոսկվայի ու Թեհրանի միջև պաշտպանական ոլորտում ստեղծել են աննախադեպ համագործակցություն, այդ թվում՝ հրթիռների, էլեկտրոնային սարքերի և հակաօդային պաշտպանության միջոցների գծով՝ ասել է Քիրբին՝ հավելելով, որ Թեհրանը ձգտում է գնել միլիարդավոր դոլարների հասնող ռուսական զինտեխնիկա, ներառյալ՝ հարվածային ուղղաթիռներ, տեղորոշիչ կայաններ և «Յակ-130» ուսումնամարտական ինքնաթիռներ:
Այս տարվա սկզբին Իրանը հայտարարեց, որ ի վերջո կնքել է ռուսական «Սու-35» կործանիչներ գնման գործարքը։
«Սա լայնածավալ պաշտպանական գործընկերություն է, որը վնասակար է Ուկրաինայի, Իրանի հարևանների և միջազգային հանրության համար», - ընդգծել է Քիրբին՝ շարունակելով, որ ամերիկյան վարչակազմն աշխատում է դաշնակիցների և գործընկերների հետ՝ պատասխանատվության ենթարկելու Մոսկվային և Թեհրանին՝ գործածելով գոյություն ունեցող և լրացուցիչ պատժամիջոցներ:
Ռուս-իրանական համագործակցությունը, ամենայն հավանականությամբ, կշարունակվի՝ ասում է Բրուքինգսի ինստիտուտի արտաքին քաղաքականության հարցերով ավագ վերլուծաբան և հետազոտությունների գծով տնօրեն Մայքլ Օ'Հանլոնը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է նկատի ունենա, որ Մոսկվան աջակցություն է ստանում այլ գործընկերներից ևս, մասնավորապես՝ Պեկինից: Օ'Հանլոնը խորհուրդ է տալիս զգուշորեն մոտենալ Չինաստանին:
«Ինչ վերաբերում է ուկրաինական հակամարտությանն ու ընդհանրապես՝ ներկայիս աշխարհաքաղաքականությանը, մենք նաև մերձեցնում ենք Պեկինին և Մոսկվային։ Սզկբունք հայտնի է՝ իմ թշնամու թշնամին իմ ընկերն է»:
«Շահեդ» անօդաչուները, որոնք հաճախ կոչվում են կամիկաձե դրոներ, ունեն մոտ 2 հազար կիլոմետր հեռահարություն: Ուրբաթ հայտնի դարձավ, որ ռուս զինվորականները սխալմամբ խոցել են սեփական անօդաչուն՝ կարծելով, թե ուկրաինական է:
Միրոսլավա Գոնգաձեն իր ներդրումն է ունեցել այս նյութի պատրաստման գործում