ԱՄՆ ու Չինաստանի պաշտպանության նախարարները միմյանց մեղադրում են Թայվանի շուրջ լարվածությունը մեծացնելու մեջ 

Միացյալ Նահանգների և Չինաստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարերը՝ Սինգապուրում կայացած տարածաշրջանային անվտանգության համաժողովին միմյանց մեղադրել են Թայվանի նեղուցում լարվածությունը մեծացնելու մեջ: Կողմերի կոշտ խոսքը հետևել է տարածաշրջանում մեկը մյուսին հաջորդող և իրավիճակը սրող զորաշարժերին։ 

Նախ՝ անցած ամսվա վերջին չինական կործանիչը օդային մանևրներ իրականացրեց Հարավչինական ծովում՝ մոտ տարածության վրա թռչելով ամերիկյան հետախուզական ինքնաթիռից։ Վաշինգտոնի բնորոշմամբ, տեղի ունեցածն «անտեղի ագրեսիա էր»:

Օրեր անց Թայվանի նեղուցում չինական ականակիր նավը մոտ տարածությամբ անցավ ամերիկյան ռազմանավի մոտով: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլյոդ Օսթինն այն անվանեց «անպատասխանատու»։

Այս ամենը պատճառ հանդիսացավ, որպեսզի Սինգապուրում կայացած հանդիպմանը կողմերի միջև հրապարակային բանավեճ ծագի: Նախարարները զերծ չմնացին սպառնալիքներից։

Your browser doesn’t support HTML5

Թայվանի շուրջ լարվածությունը մեծացնելու մեջ ԱՄՆ ու Չինաստանի պաշտպանության նախարարները միմյանց են մեղադրում

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը շարունակում է ռիսկային գործողություններ իրականացնել ԱՄՆ և դաշնակիցների ինքնաթիռների ուղղությամբ, որոնք օրինական կերպով թռիչքներ են իրականացնում միջազգային օդային տարածքում: Մենք կաջակցենք մեր դաշնակիցներին և գործընկերներին՝ պաշտպանվել ահաբեկումներից, [սակայն] չենք ձգտում առճակատման կամ հակամարտության»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։

Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆունն արձագանքել է. «Այդ միջադեպերից խուսափելու լավագույն միջոցն այն է, որ պետությունները, հատկապես [նրանց] ռազմական նավերը, կործանիչները «փակող գործողություններ»

չիրականացնեն այլ երկրների ծովային, օդային տարածքների մոտ: Ձեր լեզվով ասած՝ զբաղվեք ձեր գործով և հոգ տարեք ձեր մարդկանց մասին»:

Լին մերժել էր Օսթինի խնդրանքը՝ հանդիպել գագաթնաժողովում։ Թեև Չինաստանի պաշտպանության նախարարը հորդորեց ԱՄՆ-ին «տուն վերադառնալ», սակայն այս տարվա սկզբին հենց Պեկինն էր լրտեսական օդապարիկ ուղարկել Միացյալ Նահանգներ և Կանադա՝ տեղեկություններ ժողովելու ամերիկյան ռազմական օբյեկտների վերաբերյալ:

ԱՄՆ օրենսդիրները հայտարարում են, թե Չինաստանը շատ հեռուն է գնացել: Հանրապետական կոնգրեսական Մայք Թըրնըրը «ABC»-ի եթերում նշեց․ «Կարծում եմ, որ Բայդենի վարչակազմը պետք է ակտիվություն ցուցաբերի և հայտարարի, որ Չինաստանն իրեն որպես հակառակորդ է ներկայացրել»:

Պեկինը տարիներ շարունակ կոշտ է արձագանքել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությանը։

ԱՄՆ պետքարտուղարությունը Թայվանը համարում է տարածաշրջանում հիմնական գործընկեր։ Չինաստանն ինքնակառավարվող կղզին դիտարկում է որպես «ուխտադրուժ նահանգ»: