Արևմտյան ռազմական գործիչները խոստացել են Ուկրաինային մատակարարել հակաօդային պաշտպանության լրացուցիչ միջոցներ, ինչպես նաև՝ F-16-երի վրա ուկրաինացի օդաչուների ուսուցման նոր ծրագիր են առաջարկել, որը պետք է իրականացնեն Դանիան ու Նիդեռլանդները:
«Սա գումար արժի, և ոչ բոլոր երկրներն ունեն F-16-ներ կամ ի վիճակի են վերապատրաստել մասնագետների։ Բայց կարող են դրամական օգնություն ցուցաբերել»,- հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
ԱՄՆ-ի բարձրաստիճան զինվորական, գեներալ Մարկ Միլին փորձել է նվազեցնել այն սպասումները, որոնք ձևավորվել են F-16-ի կործանիչների շուրջ:
«Կախարդական զենքեր չկան։ Տաս հատ F-16-ը միլիարդ դոլար է, ևս մեկ միլիարդ դոլար պահպանման ծախսերն են: Այսպիսով, 2 միլիարդ դոլար 10 ինքնաթիռի համար: Ռուսներն ունեն 1000 հատ չորրորդ և հինգերորդ սերնդի կործանիչներ»,-ասել է նա։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի գծով պաշտպանության կոնտակտային խումբը պատերազմի սկզբից Կիևին տրամադրել է մոտ 65 միլիարդ դոլարի աջակցություն:
Պաշտոնյաները հիշեցրել են՝ այդ սպառազինության նպատակն է փոխել ռազմի դաշտի դինամիկան, ոչ թե հարձակումներ գործել Ռուսաստանի տարածքում:
«Մենք խնդրել ենք ուկրաինացիներին չօգտագործել ԱՄՆ մատակարարած սպառազինությունը Ռուսաստանի դեմ հարձակումների համար։ Սա ուկրաինական պատերազմ է։ Սա ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև պատերազմ չէ»,- ասել է գեներալ Մարկ Միլին։
Ռուս պաշտոնյաներն ասում են, որ F-16-երի հայտնվելը ռազմի դաշտում՝ կբարձրացնի պատերազմին ՆԱՏՕ-ին ներգրավվածության հարցը և կմեծացնի միջուկային աղետի վտանգը։
Մոսկվայում ընդգծում են, որ այս շաբաթ Ռուսաստանի տարածքում իրականացված հարձակման ժամանակ օգտագործվել է ԱՄՆ կողմից մատակարարված զենք։ Պենտագոնը դեռ ուսումնասիրում է այս պնդումը: Ուկրաինան հերքում է իր մասնակցությունը նշված հարձակմանը: