Սպիտակ տունը հայտարարել է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի իր թեկնածուի անունը 

Դեսպան Ջեյմս Օ'Բրայեն, ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար

Սպիտակ տունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է մի շարք պաշտոնյաների առաջադրման մտադրության մասին, որոնց թվում է նաև Ջեյմս Օ'Բրայենը, ով կառաջադրվի Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնում:

Դեսպան Ջեյմս Օ'Բրայենը 2022 թվականից զբաղեցնում է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարի պաշտոնը: Նա նախորդ երկու վարչակազմերի օրոք հանդիսացել է ԱՄՆ նախագահի բանագնաց: Նախկինում Ջեյմս Օ'Բրայենն ԱՄՆ պետքարտուղարությունում զբաղեցրել է տարբեր բարձրաստիճան պատասխանատու պաշտոններ, ներառյալ նախկին ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի ավագ խորհրդականի, քաղաքականության պլանավորման գրասենյակի առաջին տեղակալի և Բալկանների հարցով նախագահի բանագնացի պաշտոնները:

Նրա պատասխանատվության ոլորտում են եղել պատժամիջոցների, Եվրոպայում խաղաղ բանակցությունների, գիտական և բնապահպանական համաձայնագրերի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետխորհրդային անցումների, ռազմական հանցագործություններ իրականացրած անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցեր:

Պետական համակարգից հեռանալուց հետո նա հանդիսացել է Albright Stonebridge Group միջազգային խորհրդատվական ընկերության տնօրենը և փոխնախագահը: Դեսպան Օ'Բրայենը ստացել է Յեյլի համալսարանում իրավաբանական կրթություն, ինչպես նաև մագիստրոսի կոչում Պիտսբուրգի համալսարանից: Նա Council on Foreign Relations հաստատության անդամ է, սովորել է ֆրանսերեն և ռուսերեն լեզուներ։