Միացյալ Նահանգները պետական պարտքը 2023 թվականի հունվարի 19-ին հասավ թույլատրելի՝ 31,38 տրիլիոն դոլար շեմին։ Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն ապրիլին ընդունեց օրինագիծ՝ պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին, որը նաև նախատեսում է ծախսերի կրճատում՝ օրինակ, ի վնաս սոցիալապես անապահով խավի առողջության ապահովագրության ծրագրի: Դեմոկրատների կողմից վերահսկվող Սենատը և Սպիտակ տունը հայտարարեցին, թե չեն հաստատի առաջարկը:
Նախագահ Բայդենը Սպիտակ տանը հանդիպել է Կոնգրեսի չորս առաջնորդների, այդ թվում՝ Ներկայացուցիչների տան խոսնակ Քևին Մաքքարթիի հետ։ Փետրվարից ի վեր՝ նախագահի առաջին բանակցություններն են Մաքքարթիի հետ։ Բայդենն ասել է, որ չի քննարկելու պետպարտքի վերին շեմի բարձրացման պայմանները, սակայն բաց է ծախսերի կրճատման վերաբերյալ բանակցությունների համար, եթե Կոնգրեսը հաստատի պետպարտքի նոր սահմանաչափը: Հանդիպումից հետո Բայդենը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Your browser doesn’t support HTML5
Առանց այդ սահմանաչափը բարձրացնելու ԱՄՆ կառավարությունն պարզապես չի կարողանա պարտք վերցնել՝ ծախսերը հոգալու համար։ Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ եթե Կոնգրեսը շարունակի ոչինչ չանել, ապա իշխանությունները կարող են դեֆոլտ հայտարարել հունիսի 1-ին:
Ըստ Reuters-ի, ԱՄՆ-ն հնարավորոություն ունի սպասարկել պետպարտքը մինչև հունիսի վերջ։
CNN-ը հիշեցնում է՝ դեֆոլտի պարագայում 66 միլիոն թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող ամերիկացիներ և սոցիալապես խոցելի այլ խմբերի ներկայացուցիչներ պարզապես չեն կարողանա պետբյուջեից ժամանակին ստանալ իրենց հասանելիք գումարը։ Ուշացումով կվճարվեն ավելի քան 2 միլիոն պետական ծառայողների և մոտ 1,4 միլիոն զինվորականների աշխատավարձերը։ Սպիտակ տունը նախազգուշացրել է՝ վատագույն սցենարի դեպքում, եթե Կոնգրեսի փաստացի անգործության պատճառով հայտարարված դեֆոլտը ձգձգվի, ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է փլուզվել 45%-ով, և ավելի քան 8 միլիոն մարդ կհայտնվի աշխատանքը կորցնելու վտանգի առջև։