Ելույթ ունենալով Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ (միջոցառում, որն ամեն տարի անցկացվում է Վաշինգտոնում)՝ նախագահ Ջո Բայդենը փաստել է, որ ամերիկացի լրագրողները հետապնդումների են ենթարկվում ավտորիտար պետություններում՝ ամբողջ աշխարհում
«Մենք այստեղ ենք երկրին և, անկեղծ ասած, ողջ աշխարհին ուղերձ հղելու, որ ազատ մամուլը ազատ հասարակության հենասյունն է, գուցե՝ գլխավոր հենասյունը, ոչ թշնամին»,- ասել է Բայդենը։
Նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը, շաբաթ օրը Washington Hilton հյուրանոցում հանդիպել են The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի ծնողների հետ, ով մարտ ամսից Ռուսաստանում բանտարկված է լրտեսության մեղադրանքով։ Գերշկովիչը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Գերշկովիչն «ապօրինաբար է կալանավորված»։ Նախագահ Բայդենն ավելի վաղ նրա կալանավորումն անվանել էր «լիովին անօրինական»:
Ընթրիքին ներկա 2600 մարդկանց թվում էր Դեբրա Թեյսը՝ Օսթին Թեյսի մայրը, ով անհետացել էր 2012 թվականին Սիրիայում՝ անցակետն անցնելիս։
«Լրագրությունը հանցագործություն չէ։ Էվանն ու Օսթինը պետք է անհապաղ ազատ արձակվեն՝ արտերկրում կալանավորված բոլոր ամերիկացիների հետ միասին»,- ասել է Բայդենը՝ հավելելով․ «Ես ձեզ խոստանում եմ անխոնջ աշխատել նրանց տուն բերելու համար»:
Հայտնի դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը ընթրիքի մեկնարկը տվել է ազատ և անկախ մամուլի կարևորության մասին տեսանյութով՝ թղթակիցներին անվանելով «ժողովրդի դաշնակիցներ»
Բայդենն իր ելույթի մեծ մասը նվիրել է մամուլի ազատության խնդրին։ Նա առաջին նախագահն է, ով նախորդ վեց տարիներին մասնակցեց Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի տարեկան հանդիպմանը: