ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում երախտագիտությունն է հայտնել վարչապետին խաղաղ կարգավորման գործընթացին վերջինիս շարունակական հանձնառության համար և ընդգծել խաղաղ բանակցային կարգավորման կարևորությունը: Պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելու համար Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինքենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը հասնելու միակ ճանապարհն է։ Նա իր երախտագիտությունն է հայտնել խաղաղ գործընթացին վարչապետի շարունակական հանձնառության համար»,- նշված է պետքարտուղարության հաղորդագրության տեքստում:
Բացի այդ, հեռախոսազրույցի մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր թվիթերյան գրառման միջոցով, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Այսօր խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վերահաստատել եմ իմ աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին և ԱՄՆ-ի ցանկությունը՝ օժանդակելու գործընթացին: Ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն են»,- ասված է գրառման մեջ: