Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ԱՄՆ-ում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Դրա մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը։ Հանդիպման մասին հաղորդում է նաև ադրբեջանական մամուլը:

ՀՀ ԱԳՆ-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 30-ից աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը»:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ԱՄՆ պետքատուղարության փոխխոսնակը ոչ հաստատել ոչ էլ հերքել է տեղեկությունը հանդիպման մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Ի պատասխան Վեդանտ Փաթելը հայտնել է.

«Ես չունեմ որևէ հանդիպման կամ դիվանագիտական երկխոսության կամ համաժողոովի մասին նախնական տեղեկատվություն ... Ասեմ, որ գերատեսչությունը (պետքարտուղարությունը-խմբ.) շարունակում է խորապես ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման հարցում։ Դրան խորապես հանձնառու է պետքարտուղար Բլինքենը, ինչպես նաև ավագ խորհրդական Բոնոն և պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Հոգանը: Հնարավորության դեպքում, պետքարտուղար Բլինքենն ուղիղ համագործակցել է այս երկու երկրների հետ և կշարունակի դա անել, բայց ես այժմ պարզապես չունեմ ոչինչ ավելացնելու»,- ասել է պետքրատուղարության փոխխոսնակը: