Յոթնյակի առաջատար երկրները քննարկում են Ռուսաստան արտահանման գրեթե ամբողջական արգելքը, հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի կառավարության աղբյուրներին։
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը կիրակի ասել է, որ եթե նման արգելք լինի, Մոսկվան կդադարեցնի «Սևծովյան հացահատիկի» նախաձեռնությունը։
Այդ համաձայնագիրը, որը ստորագրվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, հնարավորություն է տալիս ուկրաինական սևծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանումը դեպի համաշխարհային շուկաներ՝ Ստամբուլի օբյեկտներից մեկում նավերի համատեղ ստուգման միջոցով:
Your browser doesn’t support HTML5
Ուկրաինան աշխարհի հինգերորդ խոշորագույն արտադրողն է։ Գործարքի շրջանակներում հուլիսից ի վեր արտահանվել է շուրջ 28 մլն տոննա հացահատիկ: Փորձագետները զգուշացնում են, որ դրա դադարեցումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային պարենային ճգնաժամի պայմաններում:
«Եթե սևծովյան գործարքը չվերականգնվի, և Ուկրաինան չկարողանա արտահանել, ապա ես ակնկալում եմ, որ պարենային ապրանքների գները կրկին զգալիորեն կբարձրանան»,- ասել է Գլոբալ զարգացման կենտրոնից Յան Միտչելը։
Անցյալ ամիս Ռուսաստանն արդեն ասել էր, որ կարող է չերկարաձգել հացահատիկի գործարքը մայիսի 18-ին նախատեսված ժամկետի ավարտից հետո:
Մոսկվան ասում է, որ առանձին, բայց զուգահեռ «փոխըմբռնման հուշագիրը», որը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հետ՝ Ռուսաստանի գյուղատնտեսության ոլորտին արևմտյան պատժամիջոցների պայմաններում օգնելու համար, ձախողվում է:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ստացվում է՝ ռուսական պարարտանյութերի և հացահատիկի արտահանման համար խոչընդոտների վերացման մասով գործնականում ոչինչ չի արվել։
Չնայած այդ պնդմանը, թվերը ցույց են տալիս, որ ռուսական ցորենի արտահանումը իրականում կրկնապատկվել է անցած տարվա ընթացքում:
Կրեմլի պահանջների թվում են Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի վերադարձը SWIFT համաշխարհային վճարային համակարգ, Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումների վերսկսումը և ռուսական նավերի և բեռների ապահովագրության և նավահանգիստների մուտքի սահմանափակումների վերացումը:
Հյուսիսարևելյան համալսարանի Գլոբալ առաձգականության ինստիտուտի վերլուծաբան Սթիվեն Ֆլին ասել է՝ «Իհարկե, այդ պահանջները չեն կարող ամբողջությամբ բավարարվել։ Իսկ ռուսները դա գիտեն։ Նրանք կրկին փորձում են օգտագործել սննդամթերքը, որպեսզի ստանան բոլոր հնարավոր զիջումները: Նրանք դա անում են այն ժամանակ, երբ գրեթե վստահ են, որ հակամարտությունը սրվելու է, երբ ուկրաինացիները փորձում են իսկապես հետ մղել ռուսներին»:
Եվ ի՞նչ, եթե Ռուսաստանը դադարեցնի հացահատիկի նախաձեռնությունը, վերլուծաբանը պատասխանել է՝ «Եթե Ռուսաստանը հստակ որոշի ականազերծել այն տարածքները, որտեղ նավերը շարժվում են, կամ հնարավոր լինի թիրախավորել այդ նավերը, ապա նավերը չեն շարժվի, և ապահովագրության գները շատ բարձր կլինեն: Նավերի սեփականատերերի կողմից որոշումներ կկայացվեն՝ չմտնել Սև ծով: Եվ դա իսկապես կխեղդի հացահատիկի հոսքը»։
ՄԱԿ-ը և G-7-ը Ռուսաստանին կոչ են արել թարմացնել հացահատիկի նախաձեռնության պայմանագիրը՝ նախազգուշացնելով, որ ցանկացած խափանում կարող է էապես բարձրացնել պարենի գները և վտանգել աշխարհի ամենաաղքատ երկրների կյանքը:
Պատրաստվել է Հենրի Րիդգելի նյութի հիման վրա։