Ապրիլի 24-ին մի շարք կոնգրեսականներ կրկին հայանպաստ օրինագծեր են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել օրինագիծ, որով կոչ է արվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դատապարտել Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ:

«Ինքնորոշման իրավունքն ամրագրված է միջազգային օրենքի մի շարք հոդվածներում, որոնց անդամ է հանդիսանում Միացյալ Նահանգները, այդ թվում՝ ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով», - նշված է բանաձևում:

ԱՄՆ տասնյակ այլ կոնգրեսականներ ապրիլի 24-ին ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը:

Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին ուսուցանելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված ցեղասպանության համար:

Ակտը ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Նրանց միացել են նաև Ներկայացուցիչների պալատի 38 անդամներ: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ: