Աֆղանստանից ամերիկյան ուժերի հեռացումից ավելի քան մեկուկես տարի անց հրապարակվել է Բայդենի վարչակազմի նոր զեկույցը, որում ասվում է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշումները ԱՄՆ-ին տարել են ձախողման։
Դեմոկրատական ներկայացուցիչ Դեյվիդ Սիսիլիան կարծում է՝
«Վերջին վարչակազմը պարտավորվել է ոչ միայն դուրս բերել ամերիկյան բոլոր զորքերը, այլ նաև ազատել տասնյակ հազարավոր զինյալներին բանտերից, ինչպես նաև հաստատել ժամանակացույց, որը ժառանգել է Բայդենի վարչակազմը: Նախագահն ամեն ինչ արեց այդ իրավիճակը կառավարելու համար»։
Սակայն հանրապետական օրենսդիրներն ասում են, որ նախագահ Ջո Բայդենը, ի վերջո, պատասխանատու էր այս հարցի համար: Կոնգրեսական Քրիս Սմիթը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ իրեն հիասթափեցրել է պատասխանատվության բացակայությունը։
«Նա հստակ պարտավորություն ուներ, թե երբ և ինչպես մեր զորքերը կհեռանան Աֆղանստանից։ Բայդենը, մինչդեռ, չուներ նման պարտավորություններ»,-ասել է Քրիս Սմիթը։
Իսկ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մայքլ Մաքքոլը «Ամերիկայի Ձայն»-ին ասել է, որ Բայդենի վարչակազմը շարունակում է փակի տակ պահել Քաբուլում ԱՄՆ դեսպանատան ներքին կոմունիկացիան:
«Կոնգրեսն իրավունք ունի իմանալու բովանդակությունը, և դա այն ամենն է, ինչ մենք խնդրեցինք պետքարտուղարից։ Դուք կարող եք չգաղտնազերծել անունները, որոնց մենք կարող ենք ծանոթանալ գաղտնի պայմաններում: Բայց ես ուզում եմ անձամբ իմանալ բովանդակությունը»,-ասել է նա։
Կառավարության հետաքննիչները ամերիկացի օրենսդիրներին ասել են, որ չի բացառվում, որ այս շաբաթ պարզվի, որ երկու վարչակազմերն էլ ունեն իրենց մեղքի բաժինը՝ պայմանավորված 2020 թվականի Դոհայի համաձայնագրի ազդեցությամբ, որը բանակցել է Թրամփը։
Աֆղանստանի վերակառուցման հարցերով հատուկ գլխավոր տեսուչ Ջոն Սոպկոն ասել է՝ «Այս քաղաքական որոշումները կտրուկ նսեմացրել են Աֆղանստանի անվտանգության ուժերի ոգին և ուժեղացրել աֆղանական զինվորականների լիակատար կախվածությունը ԱՄՆ-ի մարտական աջակցությունից»:
Մեղավորության մեկ այլ հանգամանքներից կարող է լինել պետքարտուղարության Աֆղանստանից տարհանման պլանավորումը, որի վերաբերյալ գլխավոր տեսուչի պաշտոնակատար Դիանա Շոուն ասում է՝ «Մենք պարզեցինք, որ դեսպանատան ղեկավարությունը, կիրառելով վարչակազմի կողմից այն ժամանակ ընդունված դիրքորոշումը, գործել է այն գիտակցությամբ, որ դիվանագիտական գործողությունները Աֆղանստանում կշարունակվեն ռազմական դուրսբերումից հետո և չեն ցանկանում ներգրավվել տարհանման բացահայտ պլանավորման մեջ՝ հիմնվելով այն մտավախությունների վրա, որ դա կարող է խուճապի մատնել և խաթարել Աֆղանստանի կառավարության աջակցությունը»:
Մաքքոլն ասել է, որ Կոնգրեսը կշարունակի հետաքննել 2021 թվականի օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի ահաբեկչությունը: Այդ հարձակման հետևանքով զոհվել է նաև 170 աֆղան խաղաղ բնակիչ։
Պատրաստվել է VOA լրագրող Կատերինե Գիպսոնի նյութի հիման վրա։