Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների ներքո` Ռուսաստանի հետ առևտրի պատճառով

Օրերս հայտնի դարձավ, որ Միացյալ Նահագները պատժամիջոցներ է կիրառել թուրքական առնվազն երկու ընկերությունների նկատմամբ՝ Կրեմլի դեմ սահմանված պատժամիջոցները խախտելու և արևմտյան արգելված ապրանքները Ռուսաստան արտահանելու համար։

Հայաստանյան փորձագետները զգուշացնում են` Ռուսաստանի հետ շեշտակիորեն ընդլայնվող առևտուրը կարող է պատճառ դառնալ, որ Երևանը հայտնվի ամերիկյան ու եվրոպական պատժամիջոցների ներքո։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մատնացույց է անում ընդհանուր միտումը՝ ուկրաինական պատերազմի և որպես հետևանք Ռուսաստանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցներին զուգահեռ՝ նախորդ մեկ տարվա ընթացքում էականորեն նվազել է աշխարհի զարգացած տնտեսությունների հետ Մոսկվայի առևտուրը: Փոխարենը՝ տպավորիչ թվերով աճում է հարակից երկրների՝ Թուրքիայի, հարավկովկասյան ու կենտրոնաասաիական պետությունների հետ ռուսաստանյան առևտուրը։

Ինչևէ, Վաշինգտոնում, Բրյուսելում արդեն հրապարակավ խոսում են, թե նման կերպ Կրեմլը շարունակում է ստանալ արևմտյան ապրանքներ ու տեխնոլոգիաներ։

«Պատժամիջոցների տակ ընկան բավականին կենսական նշանակություն ունեցող ապրանքներ, որոնք Ռուսաստանը հիմա ձեռք է բերում երրորդ երկրների միոջոցով՝ տարբեր սարքավորումներ, մեքենաներ, օպտիկա, անօդաչու սարքեր և այլն։ Եվ այս պարագայում, Ռուսաստանը, որ հիմա գտնվում է ռազմական գործողությունների մեջ, մեծ պահանջարկ ունի և այդ պահանջարկը փորձում է լրացնել երրորդ երկրների միջոցով»,- ասել է Սուրեն Պարսյանը:

Your browser doesn’t support HTML5

Հայաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների ներքո` Ռուսաստանի հետ առևտրի պատճառով

Պատժամիջոցների գծով Եվրամիության պատասխանատու Դևիդ Օ՛Սալիվանը փետրվարի վերջին հայտնել էր Financial Times-ին, թե ԵՄ-ն ու իր դաշնակիցները հետաքննություն են սկսել՝ պարզելու Ռուսաստանին հարակից երկրների հետ արևմտյան առևտրի կտրուկ աճի պատճառները, և արդյո՞ք այդ ճանապարհով Ռուսաստանը չի շարունակում ստանալ իր համար այլևս արգելված ապրանքներ։ Պաշտոնյան, սակայն, չէր մանրամասնել, թե որ երկրներներն են հայտնվել հետաքննության ներքո։

Օ՛Սալիվանի խոսքերից շուրջ տասն օր անց՝ մարտի սկզբին համատեղ հայտարարությամբ հանդես եկան ԱՄՆ-ի արդարադատության, առևտրի և ֆինանսների նախարարությունները, թե մի շարք երկրներ օգտագործվում են՝ արևմտյան արգելված ապրանքները Ռուսաստան ու Բելառուս հասցնելու նպատակով։ Չինաստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի կողքին նշված էր Հայաստանը։

Մարտի կեսերին Bloomberg-ը, այնուհետև Reuters-ը հաղորդեցին, թե Թուրքիան այլևս դադարեցրել է պատժամիջոցների ներքո հայտնված ապրանքների արտահանումը Ռուսաստան։

Պաշտոնական Երևանը, սակայն, հերքում է նման սխեմաներին Հայաստանի մասնակցությունը։ Մարտի սկզբին Բեռլին կատարած այցի ընթացքում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ համատեղ ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստացրեց, թե Երևանը հավատարիմ է միջազգային պատժամիջոցների ռեժիմին։


«Ինչ վերաբերում է սանկցիաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, ես պիտի ընդգծեմ, որ դրանք ավելին չեն, քան խոսակցությունները: Իրականությունն ուղիղ հակառակն է»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2022թ․՝ 2021թ․ համեմատ, Ռուսաստանի հետ առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ աճելով 91.7%-ով, և կազմել 5 միլիարդ 33 միլիոն դոլար։ Բելառուսի հետ երկկողմ առևտուրն աճել է 2.2 անգամ՝ կազմելով 185.7 միլիոն դոլար։ Մեկ տարվա ընթացքում նման շեշտակի աճն աննախադեպ է Հայաստանի համար 1991թ․-ից ի վեր։

Զուգահեռաբար կտրուկ աճել է Հայաստանի առևտուրը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրների հետ․ Ճապոնիայի հետ աճը կազմել է 3.5 անգամ (2022թ․ տարեկան առևտրի ծավալը կազմել է 198.2 մլն դոլար), ԱՄՆ-ի հետ աճը՝ 2.2 անգամ (464.7 մլն դոլար), Մեծ Բրիտանիայի հետ՝ 120.6%-ով (92.5 մլն դոլար), Հարավային Կորեայի հետ՝ 102.3% (105.4 մլն դոլար), Կանադայի հետ՝ 74.8%-ով (45.6 մլն դոլար), ԵՄ հետ` 43.8%-ով (2 մլրդ 282 մլն դոլար)։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն առայժմ չի պարզաբանում, թե երկրի տնտեսությունը ինչպես է կարողացել այնպիսի հզորություններ զարգացնել, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում առևտուրը արևմտյան՝ զարգացած երկրների և մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ աճել է անգամներով։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից դեռ չեն արձագանքել «Ամերիկայի ձայնի» հարցմանը, թե ինչպես են բացատրում Ռուսաստանի ու արևմտյան զարգացած երկրների հետ Հայաստանի առևտրի նման կտրուկn ara աճը։ Ինչպե՞ս կարող էր Հայաստանի տնտեսությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում զարգացնել նման հզորություններ, ինչն էլ հանգեցրել է արտաքին առևտրի շեշտակի աճին։

Արտյոմ Հովհաննիսյանը հեռավոր Նովոսիբիրսկից է եկել Երևան` Միացյալ Նահագներից, Եվրոպայից ու Ճապոնիայից ներմուծած օգտագործած ավտոմեքենաներ գնելու և Ռուսաստանում վերավաճառելու համար։ Մեզ հետ զրույցում պատմեց, որ իր գործը նախորդ ամիսներին էապես լավացել է, ռուսաստանցի գնորդները շատացել են. «Ես, օրինակ, Սիբիրից եմ, Նովոսիբիրսկից եմ։ Հայաստանում տեսել եմ ծանոթ շատ մարդկանց, որ մեր քաղաքից գալիս են ու այստեղից [ավտոմեքենաներ] են տանում Ռուսաստան»։

2022թ․-ը Հայաստանը փակեց նախորդ՝ շուրջ տասնհինգ տարիների համեմատ աննախադեպ՝ 12.6% տնտեսական աճով, ինչն աշխարհում ամեից բարձր ցուցանիշներից մեկն էր։ Հայաստանյան տնտեսությունում արտաքին առևտրի հատվածը ամենամեծ աճը գրանցածն էր՝ 68.6%։