Սպիտակ տունը մեղադրում է Թրամփին Աֆղանստանից զորքերի քաոսային դուրսբերման մեջ

Բայդենի վարչակազմն ասել է, որ գործող նախագահը սահմանափակ է իր որոշումներում՝ իր նախորդի ստեղծած պայմանների պատճառով:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մեղադրել է իր նախորդին՝ Դոնալդ Թրամփին 2021 թվականին Աֆղանստանից զորքերի քաոսային դուրսբերման համար, որն ուղեկցվել էր մարդկային կորուստներով։

Սպիտակ տունը հրապարակել է 12 էջանոց վերլուծություն, ըստ որի, ներկա վարչակազմը քիչ է պատասխանատվություն կրում իր գործողությունների համար՝ ասելով, որ Բայդենը «խիստ կաշկանդված է եղել» Թրամփի կայացրած որոշումների հետևանքով:

Փաստաթղթում նշվում է, որ ամերիկացիների և դաշնակիցների տարհանումը Աֆղանստանից պետք է ավելի վաղ սկսվեր, սակայն ձգձգումների մեղքը Աֆղանստանի կառավարության և զինված ուժերինն է:

Համառոտ փաստաթուղթը պատրաստել է Ազգային անվտանգության խորհուրդը, այլ ոչ թե անկախ մարմին, անձամբ Բայդենի մասնակցությամբ:

«Նախագահ Բայդենը խիստ կաշկանդված է եղել Աֆղանստանից զորքերի դուրսբերման վերաբերյալ իր որոշումներում՝ իր նախորդի ստեղծած պայմանների պատճառով»,- ասվում է Սպիտակ տան ամփոփագրում։

Փաստաթղթում նշվում է, որ երբ Բայդենը ստանձնեց պաշտոնը, «Թալիբանն իր ռազմական ամենաուժեղ դիրքերում էր 2001 թվականից՝ վերահսկելով կամ վիճարկելով երկրի գրեթե կեսը»։

Զեկույցում, սակայն, քննադատվում են հետախուզական հանրության չափազանց լավատեսական գնահատականները Աֆղանստանի բանակի պայքարելու պատրաստակամության վերաբերյալ և ասվում է, որ Բայդենը հետևում էր զինվորականների առաջարկներին՝ կապված ամերիկյան զորքերի դուրսբերման տեմպերի հետ:

Սույն հոդվածը կազմվել է Associated Press-ի տեղեկության հիման վրա: