Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում քննարկվել են կոմերցիոն կապերի խորացման և էներգետիկ ոլորտի խթանման հարցեր

Arun Venkataraman

Ապրիլի 6-ից եռօրյա այցով Հայաստանում է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը ողջունել է ԱՄՆ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգի շուրջ ակտիվ երկխոսության ու համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները կրում են դինամիկ զարգացման բնույթ և անհրաժեշտ համարել տնտեսական փոխգործակցության հետևողական խորացմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը:

Արուն Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում։ Նիստը տեեղի է ունեցելավելի վաղ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և ԱՄՆ Առևտրի քարտուղարի գլոբալ շուկաների գծով տեղակալ Առուն Վենկատարամանի համանախագահությամբ։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԳ, ՏԿԵ, ԲՏԱ, էկոնոմիկայի նախարարությունների և այլ պետական կառույցների, իսկ ամերիկյան կողմից՝ առևտրի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչներ:

Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել ընդհանուր ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա խարսխված Հայաստան-ԱՄՆ գործընկերությունը։ Կարևորվել է հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը՝ ուղղված ընդհանուր բարեկեցության խթանմանը և տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առևտրի, ներդրումների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը։ Կողմերը նախանշել են հետագա աշխատանքների առաջնահերթությունները և իրականացվելիք քայլերը։