‘’Պուտինի երազանքը չի իրականանում. Ուկրաինան պատրաստվում է հակագրոհի’’

Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության արարողությունից մեկ օր անց, ՆԱՏՕ-ի անդամները չորեքշաբթի օրը սկսեցին արտգործնախարարների մակարդակով հանդիպում: ‘’Պուտինը սխալվել է իր բոլոր հաշվարկներում: ՆԱՏՕ-ն ընդլայնվել է, իսկ Ուկրաինան պատրաստվում է ուժեղ հակագրոհի’’: Սա էր հանդիպման զրույցի առանցքը:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները չորեքշաբթի օրը սկսեցին Ուկրաինային զինելու հարցով բանակցություններ, երբ Կիեւը նախապատրաստում է ռուսական ուժերի դեմ ուժեղ հակագրոհ:

Քանի որ դրանից միայն մեկ օր առաջ էր Ֆինլանդիան դարձել Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ անդամը, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձավ նաեւ այս փաստին:

‘’Ֆինլանդիան ավելի է ուժեղացնում մեր դաշինքը, եվ Ռուսաստանի կողմից իր իսկ ագրեսիան սաստկացնելու պայմաններում` դառնում ՆԱՏՕ-ի զսպող ուժի եւս մեկ գործոն’’, ասել է նա:

Բլինքենի խոսքերով, իրենք հիմա կարող են շնորհակալություն հայտնել Պուտինին, ում քայլերի շնորհիվ ընդլայնվեց ՆԱՏՕ-ն:

Բրյուսելում ՆԱՏՕ-ն իր հանդիպումն է անցկացնում, երբ այս դաշինքի տանկերն ու ռազմական մեքենաները հայտնվում են Ուկրաինայի դաշտերում:

Փորձագետներն ասում են, թե աշխարհն այս պահին հետեւում է, տեսնելու համար, թե ինչպես է իրականացվելու Ուկրաինայի գարնանային հակահարձակումը:

Ինչպես վերլուծաբաններից Մայքըլ Քիմեյջն է ասում, դիվանագիտական ճանապարհով այլեւս շատ բան իրականացնելն անհնար է: ‘’Հարկավոր է սպասել տեսնելու համար, թե ինչ հաջողույթուն է ունենալու ուկրաիանական գրոհը’’, ասել է նա:

Հադսոնի հաստատությունից Լյուք Քոֆին ասում է, որ երբ Ուկրաինան ստանա ‘’Բրեդլի’’-ների, ‘’Լեոպարդ’’-ների, ‘’Չենլինջեր’’-ների ու ‘’Աբրամս’’-ների սպասվող ծավալը, ու երբ գարունը չորացնի ձմռան ցեխը, ուկրաինացիներն ուժեղ գործողություններ կիրականացնեն մարտի դաշտում:

Ինչպես Բլինքենը, այնպես էլ մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Ռուսաստանին չի հաջողվել ձմռան ընթացքում թուլացնել ու դրա արդյունքում բարոյալքել ուկրաինացի զինվորականներին, ինչպես երազում էր Պուտինը:

‘’Այնպես որ, Պուտինի այս երազանքը չիրականացավ, սակայն ուկրաինական հակագրոհը կիրականանա’’::