Թայվանի ղեկավարի հետ ԱՄՆ-ի կոնգրեսականների պատվիրակության հանդիպումը

Taiwan

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄաքՔարթին և Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենը չորեքշաբթի օրը Կալիֆորնիայում կայացած հանդիպման ժամանակ ընդգծել են իրենց կառավարությունների միջև համագործակցության կապերը: Հանդիպումը տեղի է ունեցել չինական պատասխան գործողությունների սպառնալիքների պայմաններում:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին ՄաքՔարթիի գլխավորությամբ ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների մի պատվիրակություն է մեկնել Կալիֆորնիա` Թայվանի նախագահ Ցայ Ինգ Վենի հետ հանդիպման համար:

Այս ընթացքում Թայվանի կողմնակիցները հավաքվել էին այն հյուրանոցի նախասրահում, որտեղ իջեւանել է Ցայը, իսկ մայրցամաքային Չինաստանի կողմնակիցները` դրսում:

Այցը ոչ պաշտոնական էր, որն ըստ հաղորդագրությունների, Թայվանի առաջնորդի կողմից Կենտրոնական Ամերիկա կատարած այցից հետո տարանցիկ մի կանգառ էր:

Իսկ Բրուքինգսի հաստատությունից չինացի վերլուծաբան Պատրիսիա Քիմն ասում է, որ այս ուղևորությունը Չինաստանի կողմից կազմակերպվող ագրեսիայի նկատմամբ մի քաղաքական քայլ էր:

Ցայն, այս հանդիպումից ոգեւորված, հայտարարում էր, որ ‘’Նման տպավորիչ և անսասան աջակցությունը հանգստացնում է Թայվանի ժողովրդին, ու հույս տալիս, որ այն միայնակ չէ’’:

Չինացի պաշտոնյաները Ցայի այցը սադրիչ գործողություն են անվանել։ Հիշեցնենք, որ Պեկինը քննադատել էր Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսիի կողմից անցյալ տարի Թայվան կատարած այցը, որից հետո զորավարժություններ էր անցկացրել Թայվանի ափերի մոտ։

‘’Մնում է տեսնել, թե որքան ծայրահեղ կլինի Պեկինի արձագանքն այս անգամ: Կարծում եմ, որ դա կարող է մասամբ կախված լինել նրանից, թե ինչպես կներկայացվի Կալիֆորնիայի հանդիպումը լրատվամիջոցների կողմից’’, ասում է Պատրիսիա Քիմը:

Քիմն ասում է, որ Պեկինը կարող է նույնիսկ մեղմել իր հակաքայլերը, քանի որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Թայվանի նախկին նախագահ Մա Ինջժյուն այժմ պաշտոնական այցով գտնվում են Չինաստանում: Երկիր, որը փորձում է ապացուցել, որ ինքը չափավոր ուժ է միջազգային բեմահարթակում, երբ ՄաքՔարթին ու մյուս կոնգրեսականները վստահեցնում են Թայվանին, որ այն բարեկամներ ունի Վաշինգտոնում: