The Wall Street Journal-ը (WSJ) հայտարարություն է հրապարակել Եկատերինբուրգում լրագրող Էվան Գերշկովիչի ձերբակալության վերաբերյալ։
Հայտարարության մեջ նշվում է, որ «WSJ-ը կտրականապես հերքում է ԱԴԾ-ի (ФСБ) մեղադրանքները և պահանջում անհապաղ ազատ արձակել լրագրող Էվան Գերշկովիչին»։
«Մենք մտահոգ ենք Էվանի և նրա ընտանիքի մասին», - ասում է WSJ-ը:
Հրատարակությունը հայտնում է, որ Էվան Գերշկովիչը 31 տարեկան է և 2017 թվականից Ռուսաստանում աշխատում է որպես թղթակից։ Մինչ մոսկովյան բյուրոյին միանալը, նա աշխատել է Agence France-Presse-ում և անգլալեզու Moscow Times թերթում: Նախկինում նա Նյու Յորքում New York Times-ի լրատվական օգնական էր: Գերշկովիչը Bowdoin College-ի շրջանավարտ է։ Վերջերս նա գրել է ռուսական տնտեսության վրա արեւմտյան պատժամիջոցների ազդեցության մասին։
ԱԴԾ-ն, հաղորդելով ամերիկացի լրագրողի ձերբակալության մասին, հայտարարել է, որ «ճնշել է Գերշկովիչի կողմից իբր իրականացված անօրինական գործունեությունը», և Եկատերինբուրգում նրա դեմ լրտեսության գործ է հարուցվել։
Եկատերինբուրգում ձերբակալությունից հետո ԱԴԾ-ն ամերիկացի լրագրողին բերման է ենթարկել Մոսկվա, որտեղ փակ դատական նիստում որոշում է կայացվել Գերշկովիչին նախնական կալանքի տակ պահել մինչև մայիսի 29-ը։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս դեպքը որակվում է որպես «հույժ գաղտնի»։
Գերշկովիչի շահերը ներկայացնող փաստաբան Դանիիլ Բերմանին թույլ չեն տվել մտնել դատարանի դահլիճ, նրան թույլ չեն տվել լսել մեղադրանքը։ Ըստ Բերմանի՝ Գերշկովիչին, ամենայն հավանականությամբ, կուղարկեն Լեֆորտովո։
Գերշկովիչի ձերբակալությունը Սառը պատերազմի ավարտից հետո առաջին դեպքն է, երբ ամերիկացի լրագրողը ձերբակալվում է լրտեսության մեղադրանքով։
Ի հավելումն Վաշինգտոնի հետ Մոսկվայի դիվանագիտական հակամարտության սրմանը, Գերշկովիչի ձերբակալությունը նախազգուշացում է դեռևս Ռուսաստանում աշխատող մի քանի օտարերկրյա լրագրողների համար:
«Այս ձերբակալությունը հարձակում է բոլոր օտարերկրյա թղթակիցների վրա, ովքեր դեռ աշխատում են Ռուսաստանում։ Իսկ դա նշանակում է, որ ԱԴԾ-ն դուրս է եկել սահմաններից»,- գրում է ռուսական հետախուզության հայտնի հետազոտող Անդրեյ Սոլդատովը՝ մեկնաբանելով Գերշկովիչի դեմ ԱԴԾ-ի մեղադրանքները։