Ալեքսեյ Մոսկալյովի գտնվելու վայրը, ում դուստրը՝ Մաշան, նկարել է հակապատերազմական նկար և տնային կալանքի ենթարկվել, հայտնի է իրավաբաններին. նրանք օգնում են նրան խուսափել անօրինական հետապնդումներից: Ինքը՝ Մաշան, ամբողջովին մեկուսացման մեջ է, ո՛չ հարազատներին, ո՛չ փաստաբաններին թույլ չեն տալիս տեսնել նրան։ Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին ասել է փաստաբան Դմիտրի Զախվատովը, որն այսօր հրապարակել է Մաշա Մոսկալևայի նամակը՝ ուղղված հորը։
Հիշեցնենք, Տուլայի շրջանի փոքրիկ քաղաքի վեցերորդ դասարանցի Մաշա Մոսկալևան դպրոցում հակապատերազմական նկար է նկարել՝ գրելով «ո՛չ պատերազմին», «փա՛ռք Ուկրաինային», ինչի համար դպրոցը ոստիկանություն է կանչել։
Մոսկալյովին դատարանը երկու տարվա ազատազրկման է դատապարտել Ուկրաինա ներխուժումը քննադատող իր առցանց գրառումների համար։
Նա մեղադրվում էր «ռուս զինվորականներին վարկաբեկելու» մեջ և տնային կալանքի տակ էր գտնվում Տուլայի շրջանում։
Մի երեխայի հակապատերազմական նկարի պատմություն՝ ռուսաստանյան դատարանների ամբիոններում
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մոսկալյովը, «օգտագործելով իր անձնական համակարգիչը, սոցիալական ցանցերի իր էջում հայտարարություններ է հրապարակել, որոնք վարկաբեկում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը», հաղորդել է ռուսական պետական «РИА Новости» գործակալությունը։
Փաստաբանի խոսքով՝ աղջկա՝ Մաշայի կալանքի մասին քիչ բան է հայտնի այն պարզ պատճառով, որ այսօր ոչ մեկին թույլ չեն տալիս տեսնել նրան: «Ես միայն նամակ եմ ստացել: Նամակը ստացել է փաստաբանը, ով պաշտպանում էր Ալեքսեյ Մոսկալյովին և նրա շահերը ներկայացնում դատարանում։ Նա ինձ տվեց այս նամակը, ես էլ փոխանցեցի այն Ալեքսեյ Մոսկալյովին, և նա խնդրեց, որ այն հրապարակեմ։ Այնպես որ, ցավոք, ոչինչ չի հաջողվում պարզել Մաշայի վիճակի մասին, թե ինչ պայմաններում է նա կալանքի տակ գտնվում։ Հորը թույլ չեն տվել տեսակցել դստերը, քանի որ նա տնային կալանքի տակ էր»,-ասել է Զախվատովը՝ հավելելով, որ դստերը հոր մոտ չեն բերել նույնիսկ միմյանց տեսնելու համար։
Փաստաբանը նաև ասել է, որ գիտի Ալեքսեի գտնվելու վայրը, սակայն չի կարող բացահայտել, թե որտեղ է նա: Եվ երբ ապահով վայրում լինի, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել այդ մասին։
Մոտ ապագայում առկա է աղջկա՝ Մաշայի հետ վերամիավորվելու հնարավորություն, նշում է փաստաբանը։ «Ինչպես դա անել, ես դեռ չեմ կարող ասել, հարցը շատ բարդ է: Երևի հարազատներից որևէ մեկը կարողանա երեխայի խնամակալությունը վերցնել, իսկ հետո օրինական ընթացակարգերով հնարավոր լինի ինչ-որ կերպ փորձել դատավարությունն անցկացնել այնպես, որ նրանք վերամիավորվեն։ Բայց հիմա դժվար է ասել»,-«Ամերիկայի ձայն-ի ռուսական ծառայությանն ասել է նա:
Դմիտրի Զախվատովը ճանաչում է մարդկանց, ովքեր օգնում են Ալեքսեին խուսափել անօրինական հետապնդումներից՝ քաղաքական դրդապատճառներով: