Ռուսական Վագներ մասնավոր ռազմական խմբավորումը գործում է աշխարհի մոտ երեսուն երկրներում: Արտերկրում այն օգնում է ռուսներին պաշտպանել իրենց հաստատությունները, եւ որոշ դեպքերում օգտագործվում է նաեւ մարտական գործողություններում:
Որտե՞ղ էր Վագների հաջողության բանալին, եւ որտե՞ղ է արդեն իսկ անկում գրանցող այս կառույցի վերջը:
Ռուսական Վագներ մասնավոր ռազմական խմբավորումն այսօր իհարկե հայտնի է Ուկրաինայում իրականացնող ռազմական գործողություններով: Այս խմբի ղեկավարությունն աչքի է ընկնում նույնիսկ երկրի պաշտպանության նախարարին ու գլխավոր շտաբի պետին քննադատելու համարձակությամբ: Այս մասին է ասում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարության նախկին սպա, քաղաքական վերլուծաբան Սեթ Ջոնսը:
Իսկ ինչո՞վ է պայմանավորված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի ազդեցության աճը:
Ինչպես վերլուծաբանն է բացատրում, դա պայմանավորված է ռուսական բանակի կողմից ուկրաինական տարածքներ գրավելուց հետո դրանց մի մասը շուտով կորցնելու փաստի հետ, որի ժամանակ Պրիգոժինի խմբավորումը եկավ օգնության իր վարձկաններով:
Սակայն որոշ հաջողություններ գրանցելուց հետո, մյուս կողմից նա ձեռք բերեց մեծ թվով թշնամիներ, եւ մեծախոսությանը զուգահեռ, չկարողացավ գրավել Բախմուտի շրջանն այնպես, ինչպես երազում էր ու վստահեցնում:
Փորձագետների կարծիքով, Վագներն Ուկրաինայում ունի մի քանի տասնյակ հազար վարձկան, սակայն ստույգ թիվը գուշակելը դժվար է, քանի որ տարբեր երկրներից պարբերաբար ստացվում են համալրումներ, օրինակ
Լիբիայից, Մալիից, Կենտրոնական Աֆրիկայից: Բացի այդ, մեծ է նաեւ զոհերի թիվը: ‘’Օրինակ՝ Սիրիայում ԱՄՆ-ն ընդամենը մեկ մարտում ոչնչացրել է Վագներ խմբի մոտ 200 վարձկանի’’, ասում են վերլուծաբանները, որոնց խոսքերով, Վագները արհեստավարժ միավոր չի կարելի անվանել եւ այն չի կարելի համեմատել ասենք հատուկ նշանակության ջոկատների հետ: ‘’Վագները վարձկանների ալիքներ է ուղարկում առաջնագիծ, նրանց օգտագործելով որպես թնդանոթի միս: Այսինքն, հաջողության է փորձում հասնել մարդկանց կյանքի հաշվին’’, ասում է Սեթ Ջոնսը:
Իսկ թե ինչու է Պրիգոժինի կառույցը շարունակում մնալ ուշադրության կենտրոնում, փորձագետները բացատրում են Պուտինի հետ նրա մտերմությամբ: Բացի այդ, Պուտինը դժգոհ է Ռուսաստանի բանակի գործողություններից եւ կշեռքի մյուս նժարին է ուզում տեսնել Վագներին:
‘’Պրիգոժինը օգտվեց ռուս զինվորականների հանդեպ Պուտինի դժգոհությունից և որոշ քաղաքական աջակցություն գտավ վարձկանների կիրառման համար’’, ասում են վերլուծաբանները։
Այն հարցին, թե որքան կարող է Պրիգոժինն ընդարձակվել իր ազդեցության լծակներով, վերլուծաբանները պատասխանում են. ‘’Քանի որ պաշտպանության բարձրաստիճան այն սպաները, որոնց Պրիգոժինը ենթարկում էր սուր քննադատության, դեռ շարունակում են պաշտոնավարել, կարելի է ենթադրել, որ Պրիգոժինի դիրքերն այնքան էլ ամուր չեն’’:
Հիմա շատ բան է կախված Բախմուտից: Կկարողանա՞ Վագները գրավել այս քաղաքը, կամ եթե գրավի անգամ, կկարողանա՞ պաշտպանվել ուկրաինական կողմից սպասվող լայնածավալ գործողություններից: Վերլուծաբանները կարծում են, որ Պրիգոժինի գործերն այս առումով նախանձելի չեն, դրան գումարած այն փաստը, որ ամեն ամիս սրանք տալիս են 5000-ից 5800 զոհ:
Այն փաստը, որ Ռուսաստանի ղեկավարությունը հույսը դնում է վարձկանների վրա, արդեն իսկ խոսում է ռուսական թուլության մասին: Եվ քանի որ վարձկանների մեծ մասը բանտերից հավաքագրված հանցագործներ են, նրանց մահը չի դառնում քաղաքական կորուստ:
Ինչպես Սեթ Ջոնսն է ասում, եթե ուկրաինական պատերազմը շարունակվի որպես դանդաղ քայքայման պատերազմ, ապա Պուտինը կհայտնվի նոր համալրումներ կատարելու որոշում ընդունելու առջեւ: ‘’Իսկ կարո՞ղ է նա մի օր ստիպել, որ ճակատ մեկնեն Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի հարուստ ռուսների որդիները’’: Այս հարցին պատասխանելիս` վերլուծաբանները շատ են դժվարանում: Նրանք կարծում են, որ մի օր կգա այս պատերազմում Կադիրովի վարձկաններին դիմելու ժամանակը: Պատերազմ, որի առաջին տարվա ընթացքում ռուսներն ավելի շատ զինվոր են կորցրել, քան Երկրորդ աշխարհամարտից հետո ռուսական և խորհրդային պատերազմներում գրանցված բոլոր զոհերի թիվը միասին վերցրած: Ռուս զինվորականների կորուստների ներկա թիվը գերազանցում է 1980-ականներին Աֆղանստանում, 1990-ականներին Չեչնիայում, Սիրիայում, 2014-ից մինչև 2022-ն Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայում, Հունգարիայում զոհվածների թիվը: Այս պատերազմում ռուսական կողմի զոհերի թիվը 70-ից 80 հազար է:
Ինչպես փորձագետներն են ասում. ‘’Փողոցներում այս պահին զանգվածային ցույցեր չենք տեսնում, բայց ռուսական հասարակությունում խմորումներն արդեն իսկ դառնում են նկատելի’’: