Կենսաթոշակների շուրջ ցույցերն ամբողջ Ֆրանսիայում շարունակվում են

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է տանում երկրի կենսաթոշակային համակարգի բարեփոխման վիճելի ծրագիրն առանց խորհրդարանական քվեարկության, երբ բողոքի ցույցերը շարունակվում են ամբողջ երկրում:

Մակրոնն օգտագործել է սահմանադրական լիազորությունը՝ առանց խորհրդարանական քվեարկության ընդունելու օրենսդրություն, որը կբարձրացնի կենսաթոշակային տարիքը 62-ից մինչև 64:

Հինգշաբթի օրը Սենատն ընդունեց օրինագիծը, սակայն Ազգային ժողովի աջ քաղաքական գործիչները դեմ էին դրան, ինչը նշանակում էր, որ օրինագիծը բավարար ձայներ չուներ:

Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի խոսքով՝

«Երկրի նախագահի հետ համաձայնությամբ՝ ես ստանձնեցի իմ կառավարության պատասխանատվությունը՝ ոչ թե կառավարության կողմից ներկայացված նախնական տեքստի, այլ այն փոխզիջման, որը երեկ ձեռք է բերվել սենատորների և ստորին պալատի պատգամավորների միջև»։

Հարցումների համաձայն, ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը դեմ է կենսաթոշակների վերանայմանը, հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացրել խորհրդարանի մոտ։

«Կարծում եմ, որ սա մեծ հիասթափություն է, քանի որ ժողովրդավարության պայմաններում մենք քվեարկում ենք մեր ներկայացուցիչների օգտին, ովքեր հետո իրենք են քվեարկում օրենքների օգտին»,-ասել է ցուցարարներից մեկը։

Հունվարից ի վեր երկրում գործադուլներ են կազմակերպվել բարեփոխումների դեմ, որոնք ազդել են գնացքների, դպրոցների, հանրային ծառայությունների և նավահանգիստների վրա:

Ֆրանսիական աշխատանքի կենտրոնից Յոան Պիկտորոֆի խոսքով՝

«Սա մեր կյանքն է, ոչ թե նրանց, ովքեր կողմ են քվեարկել։ Նրանք գերարտոնյալ են, նրանց նույնիսկ թոշակ պետք չէ, ունեն ակտիվներ, հսկայական եկամուտներ: Մենք ենք մահանում աշխատանքի ժամանակ, մենք ենք մահանում գործազուրկ, այնպես որ դա մեր որոշելիքն է: Մենք կորոշենք և կպարտադրենք օրվա վերջում մեր կարիքներն ու մեր պահանջները»:

Արհմիությունները կոչ են արել բողոքի ևս մեկ օր անցկացնել երկրում հաջորդ շաբաթ: Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարող գործադուլը հանգեցրել է աղբի կուտակումների։