Դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք Սև ծովի երկնքում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ամերիկյան անօդաչու թռչող սարք է ընկել ջրի մեջ, կհանգեցնի էսկալացիայի։ Բայդենի վարչակազմը դիվանագիտական ուղիներով կապ է հաստատում Կրեմլի հետ՝ իրավիճակը պարզաբանելու համար։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնի փորձագետներն անհանգստացած են Մոսկվայի կողմից պատվիրված ռուսական ինքնաթիռների մի շարք զորավարժություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը երկու երկրների միջև:
Նախկին դիվանագետ Ուիլյամ Քորթնին «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում Մոսկվայի և Վաշինգտոնի միջև սևծովյան մրցակցության մասին ասել է. «Տարիներ շարունակ ակնհայտ էր, որ Կրեմլը փորձում է հեռացնել ԱՄՆ ռազմական ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Պատերազմի սկզբից ի վեր ԱՄՆ ռազմանավերը չեն մտել Սև ծով, քանի որ Թուրքիան փակել է Բոսֆորը։ ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը թռչում են ՆԱՏՕ-ի դաշնակից Ռումինիայի օդանավակայաններից։ Եվ նրանք թռչում են միջազգային ջրերի վրայով։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարծես փորձում է կանխել ԱՄՆ-ի գործողությունները: Նախկինում մի քանի դեպք է եղել, երբ ռուսները փորձել են խանգարել թռիչքներին։ Այս դեպքում պարզ չէ, թե արդյոք դժբախտ պատահար է գրանցվել, երբ ռուս օդաչուն շատ է մոտեցել անօդաչու թռչող սարքին, թե դա արվել է միտումնավոր։ Այնուամենայնիվ, ռուսները հետագայում սրեցին իրավիճակը՝ ներկայացնելով կեղծ պնդումներ, թե օդանավը չի շփվել անօդաչու թռչող սարքի հետ, և որ անօդաչու թռչող սարքն ընկել է ծովը մանևրելու արդյունքում»։
Ուիլյամ Քորթնին ընդգծել է, որ, համաձայն միջազգային ծովային իրավունքի, ցանկացած երկիր միանգամայն օրինական իրավունք ունի հետախուզական գործունեություն իրականացնել մեկ այլ երկրի դեմ, եթե նավը կամ օդանավը գտնվում է միջազգային ջրերի ափամերձ պետության մոտ. «Միացյալ Նահանգները օգտագործում է հետախուզական ինքնաթիռներ, սակայն դրանք մնում են միջազգային ջրերում։ Նույն է անում Ռուսաստանը։ Օրինակ՝ վերջինիս նավատորմը հետախուզություն է անում Միացյալ Նահանգների մասով։ Եվ դա օրինական է, քանի դեռ նրանք մնում են միջազգային ջրերում: Առայժմ իմ տպավորությունն այնպիսին է, որ Բայդենի վարչակազմը փորձում է չսրել իրավիճակը»։
Միևնույն ժամանակ, «Կատո» ինստիտուտի ավագ գիտաշխատող Դագ Բանդոուն մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը և Մոսկվան կարող են Սև ծովի երկնքում տեղի ունեցած միջադեպը դիտարկել որպես սադրանք: Ուկրաինայում արյունալի պատերազմի պայմաններում ամերիկյան անօդաչու թռչող սարքի և ռուսական կործանիչի բախումը կարող է սրվել և նույնիսկ վերածվել հակամարտության:
«Սա կավելացնի լարվածությունը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, բայց ոչ մի երկիր չի ցանկանում պատերազմել միմյանց հետ: Այսպիսով, ես կարծում եմ, որ նրանք կարող են հաղթահարել այն: Բայց այս միջադեպը ցույց է տալիս այս հակամարտության վտանգը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ՆԱՏՕ-ն օդային պարեկություն են իրականացնում, իսկ ռուս զինվորականները ագրեսիվ են։ Նրանք տեսնում են, որ ԱՄՆ-ն ևս իրեն ագրեսիվ է պահում: Երկու կողմերն էլ հակված են կատարվածը դիտարկել որպես սադրանք։ Միևնույն ժամանակ, Բայդենը կարող է զգալ, որ կորցնում է վստահությունը, եթե կոշտ մոտեցում չցուցաբերի Ռուսաստանի նկատմամբ։ Մինչ այժմ, սակայն, նախագահը փորձել է լինել շատ զգույշ և ապահովել, որ ռազմական գործողությունների սրացում և ընդլայնում չլինի։ Կարծում եմ՝ դա առաջնահերթություն է մնալու»,- ասում է Բանդոուն։
Վաշինգտոնի փորձագետները մտահոգություն են հայտնում ռուսական ինքնաթիռների զորավարժությունների կապակցությամբ