«Նավալնին» վավերագրական ֆիլմն արժանացել է Օսկարի

Կանադացի ռեժիսոր Դանիել Ռոերի «Նավալնի» քաղաքական կենսագրական ֆիլմն արժանացել է «Օսկարի» մրցանակի «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում։

Ռեժիսորի հետ միասին Ալեքսեյ Նավալնիի ընտանիքը, նրա կինը՝ Յուլիա Նավալնայան, դուստրը՝ Դարիան և որդի Զախարը, բարձրացել են մրցանակը Լոս Անջելեսի Dolby Theatre-ի բեմում ստանալու համար։

Յուլյա Նավալնայան, բեմից դիմելով հանդիսատեսին, ասել է. «Ամուսինս բանտում է միայն ճշմարտությունն ասելու համար։ Ամուսինս բանտում է միայն ժողովրդավարությունը պաշտպանելու համար։ Ալեքսեյ, ես երազում եմ այն օրվա մասին, երբ դու ազատ կլինես։ Եվ մեր երկիրն ազատ կլինի։ Պի՛նդ կաց, իմ սեր»։

Ռոերը շնորհակալություն է հայտնել Նավալնիի ընտանիքին արիության համար, շնորհակալություն է հայտնել հետաքննիչներ Խրիստո Գրոզևին և Մարիա Պևչիխին և իր մրցանակը նվիրել ռուս ընդդիմադիր գործչին։

«Կցանկանայի այս մրցանակը նվիրել Ալեքսեյ Նավալնիին և աշխարհի բոլոր քաղբանտարկյալներին»,- ասել է ռեժիսորը։

«Նավալնի» ֆիլմը նվիրված է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդի ճակատագրին, որը թունավորվել է Կրեմլի հրամանով և ներկա պահին գտնվում է ռուսական բանտում։