ԱՄՆ-ի Հանրապետական կուսակացությունը նախապատրաստվում է ներկուսակցական, այսպես ասած` նախնական ընտրություններին, որի ավարտին պետք է հայտարարեն, թե ով է լինելու երկրի նախագահական ընտրություններում այս կուսակցության կողմից ընտրված թեկնածուն: Հավանական թեկնածուներն արդեն հանդիպումներ են ունենում տարբեր միջոցառումների ժամանակ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը երեկոյան հայտնվեց իր համար շատ ծանոթ և շատ ընկերական մի հարթակում` Պահպանողական քաղաքական գործառույթ կազմակերպության հավաքում, որի մասնակիցները նրան 62 տոկոսի աջակցություն են հայտնել հաջորդ տարի Հանրապետական կուսակցության նախնական ընտրությունների համար անցկացված հարցման արդյունքում:
‘’2016 թվականին ես հայտարարել եմ` ես ձեր ձայնն եմ։ Այսօր ավելացնում եմ` ես ձեր մարտիկն եմ: Ես ձեր արդարադատությունն եմ։ Իսկ անիրավության ու դավաճանության ենթարկվածների համար` ես ձեր հատուցումն եմ’’, հայտարարեց Թրամփն այստեղ:
Թրամփի գլխավոր մրցակիցը, որը նույնպես ելույթ էր ունենում տարեկան այս հանդիպման ժամանակ, ՄԱԿ-ում Թրամփի կողմից նշանակված նախկին դեսպան Նիքի Հեյլին էր:
‘’Ես այստեղ եմ, ձեր ձայնը խնդրելու համար։ Եվ ուզում եմ, որ մենք նորից ոգեշնչենք մեր երկիրը’’, ասում էր Հեյլին:
Թրամփի օրոք պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրած Մայք Փոմփեոն նույնպես այստեղ էր, որը նույնպես դիտվում է հավանական թեկնածու, չնայած այն հանգամանքին, որ դեռեւս իր թեկնածությունը չի ներկայացրել:
‘’Մեզ հարկավոր է պահպանողական մի կուսակցություն, որով կկարողանանք հպարտանալ, կուսակցություն, որն արմատավորված է մեր հիմնադիր գաղափարներով’’, ասաց նա:
Հեյլին ելույթով հանդես եկավ նաեւ Ֆլորիդայում անցկացված միջոցառման ժամանակ, որն անցկացվել է փակ դռների հետեւում: Ի դեպ, այս հավաքին հրավիրված չի եղել Դոնալդ Թրամփը:
Այստեղ ամենասպասվածը Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսի ելույթն էր: Հիշեցնենք, որ վերջինս համարվում է Թրամփի համար իր կուսակցության շարքերում ամենամեծ սպառնալիքը: Սակայն այս հավաքի ընթացքում ԴեՍանթիսը հավաքեց ձայների 20 տոկոսը, ինչը խոսում է այն մասին, որ Թրամփին Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններից դուրս մղելու համար նա անցնելու շատ դժվար ճանապարհ ունի: