Ռուսաստանի դեմ պատերազմում ուկրաինացիների հաղթանակի հույսն անմիջականորեն կապված էր այն համոզմունքի հետ, որ Կրեմլը պարզապես չունի բավարար ռեսուրսներ երկարաժամկետ ռազմական գործողությունների համար:
Սակայն պատերազմի այս ընթացքում աշխարհի մի շարք պետություններ սկսել են օգնություն ցուցաբերել հօգուտ ագրեսոր երկրի: Ընդ որում, օգնությունը տրամադրվում է ինչպես ռազմական, այնպես էլ` տնտեսական ոլորտում:
Օրինակ Իրանը գաղտնի կերպով Ռուսաստանի Դաշնությանը մատակարարեց անօդաչու առնվազն 18 թռչող սարք: Իրանը նաև 54 մասնագետներ է ուղարկել Մոսկվա՝ անօդաչու սարքերի շահագործման համար: Ամերիկյան լրտեսական գործակալությունները հաստատում են Ռուսաստանում իրանական «Շահեդ» և «Մոհաջեր» մակնիշի մարտական անօդաչու թռչող սարքերի առկայության մասին: Պաշտոնական Թեհրանն արդարանում է նրանով, որ Ռուսաստանին անօդաչու սարքերի խմբաքանակ է մատակարարվել իբր դեռևս Ուկրաինայում ռազմական գործողությունները սկսվելուց առաջ։
Ռուսաստանի համար մյուս ռազմական մատակարարը Հյուսիսային Կորեան է։ Ըստ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քըրբիի, մեկ տարվա ընթացքում ԿԺԴՀ-ն ռուսական մասնավոր ռազմական ‘’Վագներ’’ ընկերությանը մատակարարել է հակատանկային հրթիռներ և հակահրթիռային պաշտպանության համակարգեր։ Քըրբին սակայն նշել է, որ զենքի այդ ծավալը, որը ‘’Վագներ’’-ը ստանում է Փհենյանից, չի փոխի պատերազմի դինամիկան։ Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ հյուսիսկորեացիները Ռուսաստանին գաղտնի հրետանային արկեր են մատակարարում։
Հարցը չի սահմանափակվում Կրեմլին տրամադրվող օտարերկրյա ռազմական օգնությունով։ Արեւմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Ռուսաստանի արտաքին առեւտրի ծավալը, որը կրճատվել էր արեւմտյան պատժամիջոցների պատճառով, անցյալ տարվա վերջին գրեթե վերադարձել էր նախապատերազմական մակարդակին։
Ըստ The New York Times-ի՝ Իրանը, Թուրքիան, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Չինաստանը սկսել են Ռուսաստանին մատակարարել ապրանքներ, որոնք դադարել են արտահոսել Արևմուտքից՝ համակարգչային չիպերից և սմարթֆոններից մինչև կենցաղային տեխնիկա: Այս մասին է վկայում նաև վերջին ամիսներին ռուսական բեռնափոխադրումների ծավալների աճը։ ԱՄՀ-ն 2023 թվականին Ռուսաստանի տնտեսության 0,3 տոկոսի աճ է կանխատեսում։
Շատ երկրներ դեռևս չեն կարող թույլ տալ կամ չեն ցանկանում դադարեցնել ռուսական էներգակիրների ներմուծումը։ Ըստ Եվրոպական քաղաքականության վերլուծական կենտրոնի` Չինաստանն ու Հնդկաստանը միասին անցյալ տարի Ռուսաստանից օրական մինչև 2,5 մլն բարել անմշակ նավթ են ներկրել։
Այս պայմաններում Ռուսաստանի Դաշնության առանցքային գործընկերը աշխարհում երկրորդ տնտեսությունն է՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր Չինաստանը 60%-ով ավելացրել է էներգակիրների արտահանումը Ռուսաստանից։ Այսպիսով, Չինաստանի իշխանություններին անհանգստացնում է ոչ այնքան պուտինյան ռեժիմի ճակատագիրը, որքան հումքի իրենց հսկայական պահանջարկը իջեցված գներով գնելու հանգամանքը։ Սպիտակ տունը մեծապես է մտահոգված Պեկինի կողմից Կրեմլին ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությամբ։
«Եթե Չինաստանը սկսի Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում տրամադրել ռազմական օգնություն՝ զենք, զինամթերք, այն կդառնա էսկալացիա Չինաստանի մասնակցությամբ, որը կտրուկ կմեծացնի հետագա առճակատման հնարավորությունները, առճակատում որի մի կողմում կլինի Չինաստանը, մյուսում` ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները: Նման քայլը կստիպի Միացյալ Նահանգներին էապես մեծացնել պաշտպանական ծախսերը’’, ‘’Ամերիկայի Ձայն’’-ին ասել է RAND Corporation վերլուծական կենտրոնի փորձագետ Թիմ Հիթը:
Քանի դեռ Չինաստանը մնում է ռուսական հումքի ամենամեծ սպառողը, Արևմուտքին չի հաջողվի մեկուսացնել Ռուսաստանին համաշխարհային շուկայում, կարծում են փորձագետները։ Ավելին, չինական լրտեսական օդապարիկների պատճառով Վաշինգտոնի և Պեկինի միջև վերջերս տեղի ունեցած վեճը կարող է միայն մեծացնել հակասությունները, խորացնել լարվածությունը եւ ոգեւորել Չինաստանին` Ռուսաստանին ավելի մեծապես աջակցելու հարցում:
Այս բոլոր գործոնները վկայում են այն մասին, որ Կրեմլը դեռևս ունի արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ աղբյուրներ գտնելու ուղիներ։