Ամերիկյան զենքերը` դեպի Թայվան. Ի՞նչ վտանգ կա Չինաստանի կողմից

Չինաստանը դատապարտում է Թայվանին մի քանի հարյուր միլիոն դոլարի համարժեք սպառազինության վաճառքի մասին Բայդենի վարչակազմի որոշումը: Ըստ այդ որոշման, ի շարս բազմաթիվ զենքերի, Թայվանը F-16 տիպի կործանիչների համար կստանա հարյուրավոր հրթիռներ։ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը վերջերս խորացավ այն բանից հետո, երբ ստացվեցին տեղեկություններ, որ Չինաստանը կարող է զենք մատակարարել Ռուսաստանին:

Թայվանական F-16 կործանիչները հարյուրավոր հրթիռներ և դրանց համար նախատեսված այլ սարքավորումներ կստանան: ԱՄՆ-ի հետ կնքած այս գործարքը կազմում է 619 միլիոն դոլար: Այս քայլը, ինչպես Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներակայացուցիչն է ասել, իր երկրի ինքնիշխանության խախտում է:

«ԱՄՆ-ը պնդում է, որ հարգում է Չինաստանի տարածքային ինքնիշխանությունը, բայց նաեւ քայլեր է ձեռնարկում եզրից եւ խախտում է Թայվանի հարցում ստանձնած հանձնառությունը: ԱՄՆ-ը առաջնային զենքեր է վաճառում Չինաստանի Թայվանի տարածաշրջանին», հայտարարել է Մաո Նինգը:

Զենքերի արտաքին վաճառքը սովորաբար իրականացվում է պետությունների միջեւ: Եվ խնդիրն այն է, որ Թայվանը ճանաչված չէ որպես անկախ պետություն: Սա է գլխավոր խնդիրը: ԱՄՆ-ի վարչակազմն ասում է, թե առաջարկը, որը նախ պիտի հաստատվի Կոնգրեսի կողմից, համապատասխանում է Թայվանի հետ հարաբերությունների մասին կնքված ակտին: Այս օրենքը Վաշինգտոնին տալիս է Թայվանին զենք վաճառելու իրավունք, որի նպատակը Չինաստանի դեմ բավարար ինքնապաշտպանություն ապահովելն է: Հիշեցնենք, որ Պեկինը ինքնակառավարվող այս կղզին համարում է իրենից անջատված նահանգ։

ԱՄՆ-Թայվան գործարար խորհրդի հայտարարության համաձայն, վարչակազմը փորձում է զինամթերքի պաշարներ կառուցել, որպեսզի կղզին կարողանա իրեն պաշտպանել չինական կողմից շրջափակման դեպքում։

Այս խորհրդի նախագահ Համոնդ-Չեմբերսի խոսքերով, «Թայվանը կարող է մատակարարումներ ստանալ միայն օդային կամ ծովային ուղիներով: ‘’Եվ եթե Չինաստանի բանակը խաթարի մուտքը դեպի օդ և ծով, ապա խնդրահարույց կդառնա Թայվանին զինամթերք տրամադրելու հարցը: Այսպիսով, մենք պետք է կղզում նախապես դիրքավորվենք այնքան, որքան հնարավոր է’’, ասում է նա:

Վարչակազմը չի ընդունում այն պնդումները, որոնց համաձայն զենքի նոր վաճառքը կարող է լրացուցիչ լարվածություն ստեղծել ԱՄՆ-ի պաշտպանական արդյունաբերությունում, որն այս պահին զբաղված է Ուկրաինային զինամթերք մատակարարելու գործով:

Սակայն Թայվանին առաջարկվող զենքի վաճառքն իր խորքում ունի Պեկինի հետ հարաբերությունները լարելու ներուժ, մի բան, ինչը շատ վտանգավոր է այսօր, երբ Չինաստանը կարող է իր հերթին զենք վաճառել Ռուսաստանին: Հիշենք, որ Պուտինի մերձավոր դաշնակից Լուկաշենկոյի առջեւ Չինաստանն այս շաբաթ կարմիր գորգ էր փռել: Հիշեցնենք նաեւ, որ շուտով նախատեսվում է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նրա պաշտոնակից Պուտինի միջև։ Պետք է տեսնել, թե որքան մեծ է լինելու այդ կարմիր գորգը Պուտինի առջեւ: